Հոկտեմբերի 28-ից 30-ը Քոբուլեթում անցկացվել է Աջարիայի ազատ ըմբշամարտի բաց առաջնությունը, որտեղ Ախալքալաքը ներկայացել է 5 մարզիկով, ովքեր գրավել են 1-ին, 2-րդ, 3-րդ պատվավոր հորիզոնականները։
Մրցույթին մասնակցել են 200 մարզիկ Վրաստանի տարբեր շրջաններից։ Ախալքալաքի մասնակիցները բոլորն էլ շրջանի Դիլիսկա գյուղի բնակիչներ են, գյուղի սպորտ դպրոցի սաներ։ Մարզիկները ներկայացել են տարբեր քաշային կարգերում և մարզիչը՝ Նորայր Կրճացյանը մարզիկների ներկայացումից շատ գոհ է։
1-ին տեղ 71 կիլոգրամ քաշային կարգում գրավել է 14 տարեկան Գոգորյան Հարազատը, 2-րդ տեղ՝ 14 տարեկան Մոսոյան Ժորան 50 կիլոգրամ քաշային կարգում, 3-րդ տեղ է գրավել 10 տարեկան Գոգորյան Ռոմանը 27 կիլոգրամ քաշային կարգում։
«Գոգորյան Ռոմանը կարող էր 1-ին տեղ գրավել, բոլորը զարմացել էին, նա բացարձակ հաղթող էր, միայն վերջի պահին նա այնպիսի հնարք օգտագործեց, որի կարիքը առհասարակ չկար, նրա այդ քայլից օգտվեց հակառակորդը։ Բայց ոչինչ, նա շատ փայլուն ներկայացավ, և դեռ շատ առիթներ կլինեն առաջին տեղի պայքարելու համար»,- ասաց մարզիչ Նորայր Կրճացյանը։
Մարզիկները շատ ոգևորված են, պատճառը ոչ միայն մրցույթի արդյունքներն են, այլ նաև նոր սպորտդահլիճը, որը կառուցվել է գյուղական ծրագրով և համապատասխանում է բոլոր չափանիշներին։ Մարզիկները շուտով կտեղափոխվեն նոր սպորտդահլիճ:
Մարզիչը արդեն 6 տարի է ինչ գյուղի երեխաներին մարզում է և նրանք այդ ժամանակահատվածում ունեցել են բազում ձեռքբերումներ, իսկ նոր դահլիճ տեղափոխվելը և առավել բարեկեցիկ պայմաններում մարզվելը հանգեցնում է նոր հաղթանակների սպասելիքների։
Ջուլիետա Տոնականյան