«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասում է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը ստել է՝ խոսելով այն օրենքի մասին, որին աջակցում է «Վրացական երազանք»-ի մեծամասնությունը:

Կոբախիձեի խոսքով, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակին մոլորության մեջ են գցել և նա ստացել է ոչ ճիշտ տեղեկատվություն։ Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարը նաև կրկնել է, որ ստում են բոլոր նրանք, ովքեր պնդում են, թե խորհրդարանական մեծամասնության կողմից փոխակերպված օրինագիծը ռուսական է:

Նրանք, ովքեր ասում են, որ առաջին խմբագրությունը ռուսական օրենք է, ստում են։ Նեդ Փրայսին ստել են, մոլորության մեջ գցել, ապատեղեկացրել են և, ցավոք, Պետդեպարտամենտի խոսնակի շուրթերից հնչել է սուտ: Ես չեմ խուսափում, ես փաստում եմ, ով ասում է, որ նախաձեռնված օրինագիծը ռուսական է, ստում է»,- հայտարարել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը հայտարարել էր, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգված է «օտարերկրյա գործակալների» օրինագծի առնչությամբ։

«Այն պնդումները, թե վրացական օրինագիծը հիմնված է ԱՄՆ օտարերկրյա գործակալների գրանցման ակտի (FARA) վրա, ակնհայտորեն կեղծ են: Ավելին, այս օրինագիծը կարծես թե հիմնված է Ռուսաստանի և Հունգարիայի համանման օրենսդրության վրա, այլ ոչ թե FARA-ի կամ ամերիկյան որևէ այլ օրենսդրության վրա»,- նշել է Նեդ Փրայսը։