Մոտ մեկ ամիս առաջ Թբիլիսիի Մթածմինդա թաղամասում սպանված ավստրալիացի կնոջ՝ Շանա Բրուքի գործով կասկածյալ Ռաֆայել Մուրսակուլովը հայտնաբերվել ու ձերբակալվել է սեպտեմբերի 8-ին:

Մուրսակուլովը բերման է ենթարկվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով, ինչը ենթադրում է 7-15 տարվա ազատազրկում: Վերջինս մեկուսարան է տեղափոխվել, և փաստաբանի խոսքով` օգտվում է լռության իրավունքից ու չի ընդունում մեղքը:

Նախօրեին Մուրսակուլովի մասին մանրամասներ էր հրապարակել ընդդիմադիր Պիրվելի հեռուստաընկերությունը: Ըստ հեռուստաընկերության տարածած փաստաթղթի, Մուրսակուլովը «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ սերտ կապեր ունի, նաև եկող ընտրություններին պետք է լիներ Մթածմինդայի ընտրատարածքի ընտրատեղամասերից մեկի ընտրական հանձնաժողովի անդամ:

Լրագրողները նաև Մուրսակուլովի ու իշխող կուսակցության անդամների միասին լուսանկարն էին հայտնաբերել ֆեյսբուք սոցիալական ցանցում: Սրա հետ կապված ենթադրում էին, որ Վրացական երազանքը թաքցնում էր սպանություն գործած անձին, քանի որ իրենց կուսակցության անդամ է:

Վրացական երազանքի ներկայացուցիչներից մեկը բացատրել էր, որ կուսակցությունը չի կարող հազարավոր անդամների արարքների համար պատասխանատվություն կրել: