Տեղական իշխանությունների ներկայացուցիչներն Ախալքալաքի բնակիչների հետ բլրի ուղղահայաց երկայնքով փորված անցքի տեսքով գծել են գերեզմանոցի պայմանական սահմանը՝ Տավշան Թափա բլրի (Ամիրանիս գորա) հարավ-արևմտյան մասում գտնվող վերջին գերեզմանից մոտ 30 մետր հեռավորության վրա: Այս տարի քաղաքի հարավային ծայրամասում նոր գերեզմանատուն կկառուցվի, քանի որ հին գերեզմանոցն արդեն մոտենում է «Տավշանկա» հանգստյան գոտուն:

Այս արվում է նրա համար, որպեսզի գերեզմանոցը չհասնի հանգստյան գոտուն, որտեղ գտնվում են հանգստյան տաղավարները, և ամռանը բնակիչները ժամանակ են անցկացնում բնության գրկում։

«Քաղաքի բնակիչներն ամեն անգամ հարցնում էին, թե ե՞րբ կդադարի գերեզմանոցի տարածումը դեպի հանգստի գոտի: Մենք շատերի հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք նման խորհրդանշական ակցիա իրականացնել և խնդրել մեր բնակչությանը, որ գերեզմանոցը հորիզոնական չընդարձակեն, այլ օգտագործեն ճանապարհից երկրորդ գիծը և ճանապարհի մյուս կողմում գտնվող տարածքը»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի սակրեբուլոյի պատգամավոր Հակոբ Չախմախչյանը։

Նոր գերեզմանատան տարածքն արդեն ուրվագծված է, ընթանում է այս տարածքը մունիցիպալիտետի սեփականությանը փոխանցելու գործընթացը, որպեսզի քաղաքապետարանն այն կազմակերպի որպես գերեզմանատուն։ Շուրջ 10 հա այս տարածքը գտնվում է քաղաքի հարավային ծայրամասում՝ Ախալքալաքի կենտրոնական մայրուղիները Հայաստանին և Թուրքիային կապող շրջանցիկ ճանապարհի մոտ։

«2022 թվականի աշնանից մենք այս տարածքի համար փաստաթղթեր ենք հավաքագրում: Շուտով այս գործընթացը կավարտվի և եղանակի տաքացման հետ միասին ձեռնամուխ կլինենք տարածքի բարեկարգմանը: Նախագիծը կպատվիրենք այն ժամանակ, երբ տարածքն արդեն ամբողջությամբ կփոխանցվի մեզ: Ցանկապատ է լինելու, հավասար հողատարածքներ են հատկացվելու: Սա շատ զգայուն հարց է, մենք ընտրել ենք այնպիսի տարածք, որ մարդկանց համար հարմար լինի»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։

Ախալքալաքի ցանկապատված հին գերեզմանատունը տասնամյակներ շարունակ ամբողջությամբ լցվել է, և աստիճանաբար բնակիչները սկսել են գերեզմանների համար տեղեր զբաղեցնել Տավշան Թափա բլրի ստորոտին գտնվող գերեզմանատան հարակից տարածքում, գերեզմանոցը հորիզոնական ուղղությամբ մի քանի հարյուր մետր տարածվել է մի քանի շերտով: Գերեզմանոցով անցնող ճանապարհը ասֆալտապատվել է։ Այժմ գերեզմանոցը ճանապարհից մի քանի տասնյակ մետր հեռավորությամբ է տարածվել, հիմնականում նոր գերեզմանները փորում են մեկ գծով՝ գերեզմանոցը հորիզոնական ձգելով դեպի հանգստի գոտի։