Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ էկոնոմիկայի նախարարությունը սկսում է պարենային ապրանքների գները կարգավորող նոր օրինագծի մշակման աշխատանքները։ Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության նիստում։

Նրա խոսքով, օրինագիծը հիմնված է լինելու եվրոպական պրակտիկայի վրա։

«Երբ խոսում ենք գնաճի մասին, ապա անցյալ ամիս գնաճը կազմել է 9,4 տոկոս, որից 6,1 տոկոսը բաժին է ընկնում պարենային ապրանքներին։ Այսպիսով, կարելի է ենթադրել, որ հենց այս գները ճշգրտվեն, գնաճը նույնպես կնվազի մեր նախանշած մակարդակին: Առաջիկայում կառավարությունը խորհրդարան կուղարկի այս օրինանախագիծը, և հուսով եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք այդ կարգավորումները։ Հակառակ դեպքում ելք պարզապես չկա։ Մենք չենք ուզում, որ որեւէ մեկի մոտ տպավորություն ստեղծվի, թե կառավարությունը կոպտորեն միջամտում է բիզնեսին։ Սա մեր կանոնը չէ, մեր ձեռագիրը, մեր պրակտիկան չէ, մենք նման լուծում ենք գտել»,- ասել է Ղարիբաշվիլին։