2023 թվականին խաղային բիզնեսից 890 մլն լարի է մոբիլիզացվել պետբյուջե, ասվում է Վրաստանի խորհրդարանի կայքում տեղադրված փաստաթղթում, որով ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին փետրվարի 21-ին պետք է ներկայանա օրենսդիր մարմնի առջև՝ «նախարարի ժամ» ձեւաչափով:
Ինչպես նշվում է փաստաթղթում, ներկայումս մոլախաղերով արգելված անձանց ցուցակում կա 1 487 861 մարդ։
«Ինչպես գիտեք, մոլախաղերի բիզնեսի համար հարկերի դրույքաչափերը բարձրացվել են, 2023-ի վերջին կատարված փոփոխություններով 2024-ին պետք է լինի հավելյալ 400 մլն լարի։ Բացի այդ, հարկ է նշել, որ խաղային բիզնեսի ոլորտում կատարված փոփոխություններով արգելվել է մասնակցել մոլախաղերին և շահութաբեր խաղերին՝ Վրաստանի մինչև 25 տարեկան քաղաքացիներին, կախվածություն ունեցող անձանց ցուցակում գրանցվածներին և մոլախաղերի արգելքի ցուցակում ընդգրկված անձանց:
Ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների ծառայության տվյալների բազայում գրանցվածների թիվն աճում է, և ներկայումս 1 մլն 487 հազար 861 անձ ընդգրկված է մոլախաղերի արգելքի ցուցակում։ Կախվածությունով անձանց ցուցակում հաշվառված է 12 864 անձ, որից 45-ը հաշվառված է դատավորի որոշմամբ, իսկ 12 819-ը՝ սեփական հայտարարություններով»,- ասված է փաստաթղթում։