Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է Վրաստանի 2020 թ. ներդրումային կլիմայի զեկույցը: Փաստաթուղթը ներկայացնում է ներդրումների և գործարար միջավայրի գնահատականները, ինչպես նաև այս ոլորտում օրենսդրական դաշտի արդյունավետությունը:
Ընդհանուր առմամբ, զեկույցում նշվում է, որ Վրաստանում գործարար և ներդրումային միջավայրը կայուն է, չնայած որոշ ընկերություններ արտահայտում են աճող անվստահություն դատական համակարգի նկատմամբ, կոմերցիոն վեճերը ինքնուրույն, ժամանակին և գրագետ լուծելու ունակության նկատմամբ, որոշ գործարար վեճեր երկար տարիներ անլուծելի են մնում:
Այլ ընկերությունները, Պետդեպարտամենտի տվյալներով, բողոքում են մունիցիպալ մակարդակում անարդյունավետ որոշումներ կայացնելու, մտավոր սեփականության իրավունքի իրականացման թերությունների, հակամենաշնորհային արդյունավետ քաղաքականության բացակայության, տնտեսական օրենքների ընտրովի գործարկման և գույքային վեճերի լուծման բարդությունների մասին:
Պետդեպարտամենտը նշում է նաև դատական համակարգի անկախությանն ու անկողմնակալությանը միջամտելու նշանների մասին, քանի որ դատավորները խոցելի են քաղաքական ճնշման առջև:
Պետդեպարտամենտը նշում է, որ Վրաստանի կառավարությունը շարունակում է աշխատել վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ, և, չնայած մնացած խնդիրներին, Վրաստանը շարունակում է մնալ առաջատարը տարածաշրջանում` բիզնեսով զբաղվելու հեշտության առումով:
Դատական համակարգը
Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի, դատական համակարգի անկախությունը և դրանում ընկալվող քաղաքական ներգրավվածությունը մտահոգություն են առաջացնում, ինչպես օրինակ դատական վեճերի ձգձգումը:
Այս համատեքստում պետդեպարտամենտը մեջբերում է «Freedom House»-ի 2018 թ. զեկույցը, որում ասվում է, որ «չնայած դատական համակարգում շարունակական բարեփոխումներին, գործադիր և օրենսդիր իշխանությունների կողմից դատական համակարգին միջամտությունները, ինչպես նաև կոռուպցիան և թափանցիկության և պրոֆեսիոնալիզմի բացակայությունը շարունակում են մնալ լուրջ խնդիրներ»:
Պետդեպարտամենտը նշում է, որ միջազգային փորձագետները օգնում են Վրաստանի կառավարությանը բարելավել դատական համակարգի արդյունավետությունը:
«Չնայած դատական իշխանության անկախությունը երաշխավորված է սահմանադրությամբ և օրենքով, դատական համակարգում շարունակում են մնալ անկախությանը միջամտելու և անաչառության նշաններ: Դատավորները խոցելի են քաղաքական ճնշման առջև, ինչպես դատարանում, այնպես էլ դատարանից դուրս: Սեփականության իրավունքի վերաբերյալ վեճերը ժամանակ առ ժամանակ խաթարել են վստահությունը Վրաստանի դատական համակարգի և օրենքի գերակայության, ինչպես նաև երկրի ներդրումային միջավայրի նկատմամբ:
Կառավարությունը դատական համակարգի բարեփոխումները սահմանել է գերակա խնդիր, իսկ խորհրդարանն ընդունել է մի շարք բարեփոխումներ, որոնք ուղղված են դատական համակարգի անկախության ամրապնդմանը: Չնայած բարեփոխումները բարձրացրել են դատական համակարգի անկախությունը, քաղաքականապես զգայուն գործերը դեռ խոցելի են քաղաքական ճնշման համար», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:
Պետդեպարտամենտը նշում է, որ Արդարադատության բարձրագույն խորհրդում ներկայումս գերիշխում է բարեփոխմանը դեմ հանդես եկող դատավորների խումբը: Քաղաքացիական հասարակությունը պնդում է, որ այս խումբը ճնշում է գործադրում դատավորների վրա քաղաքականապես զգայուն գործերով: Կառավարությունը վերջերս ընդունել է լրացուցիչ դատական բարեփոխումներ, որոնք ուղղված են դատական կարգապահության կանոնների բարելավմանը և Արդարադատության բարձրագույն դպրոցի և Արդարադատության բարձրագույն խորհրդի գործունեության կարգավորմանը:
Նախորդ իշխանության քննադատությունը
Պետդեպարտամենտի զեկույցում ասվում է, որ սեփականազրկման հետ կապված վեճերը Վրաստանում տարածված չեն, չնայած նախորդ կառավարության օրոք հեղինակավոր ՀԿ-ներ բարձրացրել էին Սվանեթիում, Անակլիայում, Գոնիոյում և Սևծովյան տարածաշրջանում պատմական սեփականության իրավունքի անօրինական հետկանչերի մասին: Նախկին իշխանության օրոք եղել են սեփականության փոխանցման դեպքեր, որոնք անթափանց էին և ենթադրաբար իրականացվել էին հարկադրանքով:
Կոռուպցիա
ԱՄՆ պետքարտուղարությունը գրում է, որ Վրաստանը 2003 թվականից ի վեր զգալիորեն բարելավել է իր դիրքը «Transparency International»-ի կոռուպցիայի ընկալման ինդեքսում, իսկ 2019 թ.-ին 180 երկրների շարքում զբաղեցրել է 44-րդ տեղը:
Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել պետական կառավարման համակարգում չնչին կոռուպցիան արմատախիլ անելու հարցում և այժմ պետք է կենտրոնանա բարձր մակարդակի կոռուպցիայի դեմ պայքարի վրա, որը «Transparency International»-ն անվանում է էլիտար կոռուպցիա.
«Բարձրաստիճան պաշտոնյաներն օրենսդրության բացերը օգտագործում են անձնական շահի, կարգավիճակի կամ վրեժխնդրության համար: Չնայած այստեղ ներկայացված ապացույցները հիմնականում ուրվագծային են, կոռուպցիայի այս ձևը կամ դրա գոյության ընկալումը կարող է խարխլել հասարակության և ներդրողների վստահությունը Վրաստանի ինստիտուտների և ներդրումային միջավայրի նկատմամբ», – ասվում է փաստաթղթում:
Զեկույցի համաձայն, կոռուպցիան շարունակում է մնալ պոտենցիալ խնդիր պետական գնումների, պետական պրակտիկայի կառավարման մեջ և դատական համակարգում:
Վրաց պաշտոնյաները դրական են գնահատում ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը:
Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձե
«Ցավալի է, որ մեր հակառակորդները միտումնավոր փորձում էին հասարակությանը բացարձակապես հակառակ փաստեր ապացուցել: ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը հստակ պատասխան է տվել այն պնդումներին, թե Վրաստանում օտարերկրյա ներդրումները վտանգված են, և որ կառավարությունը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը: ԱՄՆ պետքարտուղարության զեկույցում Վրաստանում գործարար միջավայրը գնահատվում է կայուն և հուսալի»:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի
«Պետդեպարտամենտի զեկույցը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Վրաստանը միջազգային առաջընթացի բաց լինելու և ներդրողների պաշտպանության առումով աշխարհի առաջատար երկրներից մեկն է: Մենք հպարտ ենք Վրաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրային հարաբերությունների զարգացմամբ»: