Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում արդեն ավարտվել են «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում առաջնահերթ աշխատանքների ընտրության ժողովները: Ապրիլի սկզբին կսկսվեն նախագծերի գծման աշխատանքները։
Ախալքալաքի մունիցիպալիտետի 64 գյուղերում արդեն ավարտվել են ժողովները, որտեղ գյուղերի բնակչությունն ընտրել է այն աշխատանքները, որոնք այս տարի ցանկանում է իրականացնել ՕԳԾ-ով։ Ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս առաջնահերթ աշխատանքներն են փողոցային լուսավորությունը, խմելու ջուրը, ոռոգման ջուրը, ինչպես նաև երիտասարդական կենտրոնները։
Հիմնականում գյուղերն ընտրել են մեկական աշխատանք։
«Ժողովների ժամանակ խնդիրներ չեն եղել: Գյուղերի մեծ մասն ընտրել է մեկ աշխատանք, իսկ նրանք, ովքեր նախապես ընտրել են երկու աշխատանք, հավանականություն կա, որ նախագծերի մշակման ժամանակ մեկ աշխատանք կմնա: Այս տարի ծրագիրը նույն կերպ է ընթանում ինչ անցած տարի: Միակ տարբերությունն այն է, որ այս տարի ծրագիրը մեկնարկել է մեկ ամիս շուտ»,- ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսիսյանը։
«Օգնություն գյուղին» ծրագրով Ախալքալաքի մունիցիպալիտետին հատկացվել է 922 հազար լարի։ Ամենափոքր գումարը 10000 լարի է, իսկ ամենամեծ գումարը՝ 20000 լարի։
Նշենք, որ Վրաստանում «Օգնություն գյուղին» ծրագիրն, սկսած 2011 թվականից, ամեն տարի իրականացվում է, միայն 2017 և 2018 թվականներին այն ժամանակավորապես դադարեցվել է։