Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին տեղափոխել արտասահման բուժման։
Համապատասխան բանաձևն ընդունել է ԵԽ-ն՝ 577 կողմ, 33 դեմ 26 ձեռնպահ ձայներով։
Փաստաթուղթը կոչվում է «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ կապված իրավիճակի մասին»։
Եվրախորհրդարանը լուրջ մտահոգություն է հայտնում նախկին նախագահի առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ և կոչ է անում գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին օգտագործել Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելու իր սահմանադրական իրավունքը։
Բանաձևում ասվում է, որ Սաակաշվիլիի առողջական վիճակի շուրջ ստեղծված իրավիճակը վնասում է Վրաստանի հեղինակությանը և խոչընդոտում ԵՄ թեկնածուի կարգավիճակ ստանալու հեռանկարին։
ԵԽ պատգամավորները Վրաստանի իշխանություններին հիշեցնում են, որ իրենք են պատասխանատու Սաակաշվիլիի առողջական վիճակի համար։
«Սաակաշվիլիի նկատմամբ վերաբերմունքը լակմուսի թուղթ է եվրոպական արժեքներին վրացական կառավարության հավատարմության»։
Բանաձևը նաև ընդգծում է այն հիմնարար դերը, որը խաղացել է Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին՝ Սաակաշվիլիի բանտարկության գործում` «որպես անձնական վենդետայի մի մաս»։
Ուստի խորհրդարանը կրկնում է իր կոչը Խորհրդին և ժողովրդավարական գործընկերներին՝ քննարկել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը «Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման» գործում նրա դերի համար։ Պատժամիջոցների վերաբերյալ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) նախաձեռնությունը պաշտպանել է 362 պատգամավոր։