Փետրվարի 6-ին Թուրքիայի տարածքում գրանցված ավերիչ երկրաշարժերի հետևանքով այդ երկրում և հարևան Սիրիայում գրանցված զոհերի ընդհանուր թիվը հասել է 29 117-ի։ Այսպես, ըստ Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տվյալների, միայն Թուրքիայում զոհերի թիվը հասել է 24 617-ի, իսկ Սիրիայում վերջին տվյալներով՝ կա առնվազն 4500 զոհ։ Գրում է Hetq.am-ը:
Զուգահեռաբար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը, որը փետրվարի 11-ին ժամանել էր երկրաշարժից ամենաշատը տուժած Քահրամանմարաշի նահանգ, կարծիք է հայտնել, որ զոհերի թիվը «կկրկնապատկվի կամ նույնիսկ ավելի շատ»։ Գրիֆիթսի խոսքով՝ այս փուլում դժվար որևէ գնահատական տալ, քանի որ պետք է մաքրել փլատակները, որոնք առաջացրել են աղետի հետևանքով։
Ինչպես փետրվարի 11-ին փոխանցել էր թուրքական İHA լրատվական գործակալությունը, Հաթայի նահանգում, 140 ժամ փլատակների տակ մնալուց հետո ողջ է դուրսբերվել 7-ամյա տղա երեխա։ Նույն նահանգում, դրանից մի քանի ժամ առաջ էլ, ողջ էր դուրս բերվել երկամյա մի աղջնակ։
Շանսերը գնալով ավելի փոքրանում են, որ փլատակների տակից կենդանի մնացած մարդիկ դուրս կբերվեն։ Թուրքական իշխանությունները ավտոկայաններում, մարզադաշտերում և սպորտային դահլիճներում ստեղծել են ժամանակավոր դիահերձարաններ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում բնական աղետի հետևանքները կարող է զգալ 26 միլիոն մարդ, այդ թվում՝ 5 միլիոն մարդ, որոնք մինչ այդ էլ համարվում էին սոցիալապես խոցելի։
Fitch Ratings գործակալությունը նշում է, որ տնտեսական կորուստները բարդ է գնահատել, քանի որ իրավիճակը փոփոխվում է, բայց, հավանաբար, այն կգերազանցի 2 միլիարդ դոլարը և կարող է հասնել 4 միլիարդի։
Փորձագետների կարծիքով՝ կործանիչ երկրաշարժերը սպառնում են խառնել Ռեջեփ Թայիփ Էրդողանի պլանները մայիսի 14-ին վերընտրվել Թուրքիայի նախագահ։ Արդյունքները կախված կլինեն նրա գործողությունների օպերատիվությունից։
7,8 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժը տեղի էր ունեցել փետրվարի 6-ին, տեղի ժամանակով 04:17-ին (Երևանի ժամանակով՝ 05:17-ին)։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գազիանթեփ քաղաքի մոտ` 17,9 կիլոմետր խորության վրա։ Դրան հաջորդել է ավելի քան 40 հետցնցում։ Այնուհետև, տեղի ժամանակով մոտ 13:30-ին (Երևանի ժամանակով՝ 14:30-ին) տեղի էր ունեցել երկրորդ երկրաշարժը, որի ուժգնությունը կազմել էր 7,7 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Քահրամանմարաշ նահանգի Էլբիստան շրջանում։