Մայիսի 29-ին, Թբիլիսիի պատմական կենտրոնում, «Գորգասալի» հրապարակում, կամ ինչպես շարունակում են անվանել «Մեյդանում», 102-րդ անգամ անցկացվեց «Վարդատոն» փառատոնի գալահամերգը:
Այս փառատոնը նվիրված է թբիլիսցի մեծ աշուղ Սայաթ-Նովային: Ավանդության համաձայն, փառատոնը սկսվեց Սայաթ-Նովայի գերեզմանին կարմիր վարդեր դնելով: Փառատոնը կազմակերպեց «Վրաստանի հայերի միությունը» Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, ինչպես նաև Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսի պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում Հայաստանի հանրապետության դեսպանության աջակցությամբ:
Նշենք նաև, որ սկսած 2007-2015 թթ. ավանդական «Վարդատոնի» կազմակերպիչն էր Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը և «Հայարտուն» կենտրոնը: Բացի այդ, «Վարդատոն» տոնը ներառված է Թբիլիսիի քաղաքապետարանի տարեկան ծրագրում: Իսկ «Վարդատոն» տոնը ի պատիվ Սայաթ-Նովային, հարյուր տարի առաջ հիմնել են` Հովհաննես Թումանյանը, Գևորգ Բաշինջաղյանը, Իոսիֆ Գրիշաշվիլին:
Էդիտա Բադասյան