Եվրոպական միությունը և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO), ENPARD3 ծրագրի շրջանակներում, երեք տարվա ընթացքում, Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետներում, ֆինանսավորել է 785,431 լարիի չափով 56 ծրագիր ։

ENPARD3 ծրագիրը Ջավախքում (Ախալքալաք և Նինոծմինդա) մեկնարկել է 2019 թվականի վերջին, ծրագիրն իրականացվել է ԵՄ-ի և FAO-ի կողմից, CNFA-ի տեխնիկական աջակցությամբ, որի տարածաշրջանային համակարգողն էր Մախարե Մացուկատովը, ով լրացուցիչ իրազեկում և խորհրդակցում էր բնակչությանը։ Ծրագրի մասին բնակչությանը տեղեկացնելու համար տպագրվել են բուկլետներ երեք լեզուներով՝ վրացերեն, հայերեն և ռուսերեն։ ENPARD3 ծրագրի մասին տեղեկատվությունը բնակչության շրջանում տարածվել է Ախալքալաքի Տեղական զարգացման խմբի (LAG) կողմից:

Ծրագրով գյուղատնտեսական ծրագրերը ֆինանսավորվել են 40%-ով, իսկ 60%-ը եղել է ֆերմերի ինքնաֆինանսավորման մասնաբաժինը: Ծրագրի երեք տարիների ընթացքում Ջավախքում ֆինանսավորման է ներկայացվել 93 հայտ։ Արդյունքում ֆինանսավորվել է 56 ծրագիր, որից 1-ը Նինոծմինդայում, մնացածը՝ Ախալքալաքում։ Ախալքալաքում ծրագրերի ֆինանսավորման վրա ծախսված ընդհանուր գումարը կազմում է 774 336 լարի։ Նինոծմինդայում 1 ծրագրի վրա ծախսվել է 11 095 լարի։

Այս ծրագրով Ախալքալաքում և Նինոծմինդայում ձեռք է բերվել 47 տրակտոր և 66 հավելակցորդ՝ կուլտիվատորներ, խոտհնձիչներ, կցորդներ, կերախառնիչներ և այլն։

Ծրագրի պատասխանատու Խավիեր Սանզ Ալվարեսի խոսքով, իրենք շատ գոհ են այս ծրագրի արդյունքներից, շահառուները մոնիտորինգի արդյունքում գրանցել են զարգացում, լավ արդյունքներ և եկամուտների ավելացում։

ENPARD3 ծրագիրն ավարտվել է 2022 թվականի վերջին և 2023 թվականին արդեն սկսվել է ENPARD4 ծրագիրը:

Jnews-ը ծրագրի ղեկավարներից հետաքրքրվեց, թե արդյոք ENPARD4-ը կիրականացվի Ջավախքում:

«Իհարկե, մենք փորձում ենք աշխատել այն մարդկանց հետ, ում հետ աշխատել ենք, որոնց արդեն ֆինանսավորել ենք, բայց 4-րդ փուլը լինելու է սննդամթերքի անվտանգության ուղղությամբ։ Դեռ չգիտենք դրամաշնորհներ կլինեն, թե ոչ, բայց սննդամթերքի անվտանգության վերաբերյալ թրեյնինգներ կլինեն։ Ջավախքը՝ Ախալքալաքն ու Նինոծմինդան, ներառված են այս նախագծում, այն ամենը, ինչ առ այժմ հայտնի է, սա է, մանրամասները դեռ հայտնի չեն»,- ասաց ծրագրի պատասխանատու Խավիեր Սանզ Ալվարեսը։