Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի Կորխ գյուղում արդեն ավարտվել է գարու և ցորենի հնձի աշխատանքները։ Բերքի առումով ընդհանուր գնահատականը դրական է․ գյուղացիները գոհ են ստացված արդյունքից և նշում են՝ դաշտերը վատ բերք չեն տվել։ Սակայն բերքի քանակը միայն գյուղացու մտահոգության մի կողմն է։ Մյուս, ոչ պակաս կարևոր հարցը դրա իրացման գինն է։
Կորխի բնակիչների հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն ու հողագործությունն է։ Գյուղի ընդարձակ դաշտերը նրանց աշխատանքի հիմնական վայրն են, իսկ բերքահավաքի շրջանը՝ ամբողջ տարվա աշխատանքի արդյունքը գնահատելու ժամանակը։
«Փառք Աստծո, բերքը լավ է, չնայած որ, 1-2 շաբաթ ուշ ենք ցանել, սակայն պետք է ասեմ, որ այս պահի դրությամբ արժեքը չի բավարարում։ Գարին 0․60 լարիով են տանում, բայց իմ հաշվարկով 1 սոտ հողի վրա 10 լարի ծախս ենք արել, տեխնիկայի գինը շատ թանկ էր այս տարի», — ասաց Կորխ գյուղի բնակիչ Լյովա Անանիկյանը։
Գարին, չնայած բերքի լավ արդյունքին, գյուղացիների համար այնքան էլ շահավետ չէ։ Այն գնահատվում է բավականին ցածր գնով, մինչդեռ դաշտից բերքը հասցնելու համար անհրաժեշտ ծախսերը տարեցտարի ավելանում են։
Նույն պատկերն է նաև ցորենի դեպքում։ Գյուղացիները գոհ են բերքից, սակայն դժգոհ են դրա գնից։ Ամբողջ տարվա ընթացքում հող մշակելու, սերմացու ձեռք բերելու, վառելիքի, տեխնիկայի և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալուց հետո ստացված բերքի վաճառքի գինը չի արդարացնում կատարված աշխատանքն ու ներդրումները։
«1․5 հա գարի էի ցանել այս տարի, 70 ար էլ կարտոֆիլ եմ ցանել։ Գարին, ոչինչ, դժգոհ չեմ բերքից, բայց գին չունի։ 0․60 լարի են գնահատում գարին, երբեմն էլ գարիով ապրանքափոխանակում ենք անում, արված ծախսերը չեն արդարացվում», — ասաց գյուղի բնակիչ Յուրիկ Ծառուկյանը։
Գյուղացու համար բերքահավաքը ոչ միայն տարվա ամենասպասված շրջանն է, այլև իր աշխատանքի գնահատման պահը։ Երբ բերքը լավ է, թվում է՝ ամբողջ տարվա դժվարությունները պետք է արդարացված լինեն։ Սակայն ցածր գները այդ սպասումը հաճախ վերածում են հիասթափության։
«Այս տարի իմ ցորենն ավելի լավ էր եղել, գարին այդքան էլ չէ, բայց ընդհանուր բոլորն էլ գոհ են բերքից։ Բայց ինչ օգուտ, գին չունի», — ասաց Կորխ գյուղի բնակչուհի Անահիտ Մակարյանը։

Կորխի դաշտերում այսօր արդեն ավարտվել է հնձի աշխատանքը, բայց գյուղացու աշխատանքը դրանով չի ավարտվում։ Հողը պետք է կրկին մշակվի, պատրաստվի հաջորդ տարվա բերքին, իսկ գյուղացին կրկին պետք է ներդրում կատարի՝ չիմանալով, թե մեկ տարի անց իր արտադրանքի դիմաց ինչ գին կստանա։
Գյուղացու աշխատանքի իրական արժեքը չափվում է ոչ միայն ստացված բերքի քանակով, այլև այն գնով, որով այդ բերքը հասնում է շուկա։








