Ախալքալաքի մունիցիպալիտետում այս տարի հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը դեռ չի սկսվել և մոտավորապես 10–15 օր ուշանում է։ Ֆերմերները դա կապում են եղանակային պայմանների հետ, սակայն ակնկալում են նորմալ բերք։ Միևնույն ժամանակ պահպանվում է բերքահավաք տեխնիկայի պակասի և հացահատիկային մշակաբույսերի իրացման հետ կապված խնդիրները։
Ագրոնոմ և ֆերմեր Հովիկ Մուրադյանը պատճառը բացատրում է գարնանն ու ամռանը մունիցիպալիտետում դիտված կլիմայական պայմաններով։
«Փորձեցի, բայց հողը դեռ խոնավ է, երևի 4-5 օրից կչորանա։ Անձրևները խանգարեցին։ Ամեն տարի ամսի 5-ին սկսում էինք բերքահավաքը։ Այս տարի 10-15 օր ուշանում է, բայց բերքը նորմալ է։ Ուշանում է այն պատճառով, որ ամռանը ուժեղ շոգեր՝ 30 աստիճան ու ավելի չեղան։ Շոգ եղանակին հացահատիկն արագ է հասունանում։ Երբ չոր հացահատիկն ես հավաքում, փչանալու վտանգը նվազում է, լրացուցիչ աշխատանք չի պահանջվում։ Նորմալ բերք ենք ակնկալում», — ասում է ագրոնոմ և ֆերմեր Հովիկ Մուրադյանը։
Ֆերմերը նաև նշում է, որ հացահատիկային բույսերի իրացման խնդիր կա ինչպես մունիցիպալիտետում, այնպես էլ ամբողջ Վրաստանում։ Իրացման խնդիրն առկա է նաև Ախալքալաքի մունիցիպալիտետում։
Եթե որևէ մեկը հետաքրքրվում է հացահատիկ գնելով, ապա առաջարկում է բերքը ձեռք բերել ինքնարժեքից զգալիորեն ցածր գնով։
Այս ամենը տեղի է ունենում դիզելային վառելիքի, գյուղատնտեսական տեխնիկայի սպասարկման, հողի հերկման և ցանքի ծառայությունների գների աճի պայմաններում։ Սակայն ֆերմեր Հովիկ Մուրադյանը հույս ունի, որ հնարավոր է գինը բարձրանա։
Դիլիսկա գյուղից Արշալույս Գոգորյանը նույնպես դեռ չի սկսել հացահատիկի բերքահավաքը։
«Դեռ չենք սկսել։ Այս տարի ուշանում է։ Բերքը նորմալ է, եթե կարկուտ չգա։ Մեկ շաբաթից արդեն կսկսենք բերքահավաքը։ Բերքը նորմալ է։ Այս տարի եղանակային պայմանները նպաստավոր էին բերքի համար։ Գնորդներ դեռ չկան։ Գինը ևս չենք կարող ասել։ Անցյալ տարի որոշ մարդիկ վաճառեցին, որոշները՝ ոչ», — ասում է Արշալույս Գոգորյանը։
Անցյալ տարի մունիցիպալիտետում հացահատիկի գինը մոտ 70 թեթրի էր՝ 1 կիլոգրամի դիմաց։
Խավեթ գյուղում նույնպես հացահատիկի բերքահավաքը դեռ չի սկսվել։ Հրաչ Մովսեսյանը նշում է բերքահավաք տեխնիկայի՝ հացահատիկահավաք կոմբայնների պակասը։
«Դեռ չենք սկսել։ Եղանակը կկայունանա, և 10-15 օրից կսկսենք։ Քանի դեռ չենք հավաքել, չենք կարող ասել բերքի մասին, բայց մեր դիտարկումներով կարող ենք ասել, որ բերքը նորմալ է՝ ինչպես անցյալ տարի։ Գյուղում բերքահավաքի երկու միավոր տեխնիկա կա, բայց պակասը զգացվում է։ Երբ սկսում ենք, այլ վայրերից տեխնիկա է գալիս։ Ամեն տարի մեզ մոտ այդպես է», — ասում է Հրաչ Մովսեսյանը։
Խանդո գյուղում նույնպես նույն իրավիճակն է։
«Դեռ չենք սկսել, բայց լավ բերք ենք ակնկալում։ Տեխնիկայի պահանջարկ կա։ Թեև գյուղում տեխնիկա կա, բայց կոմբայնների պահանջարկը մեծ է։ Ավելի լավ կլիներ, որ տեխնիկան ավելի շատ լիներ, հատկապես, որ այս տարի բերքահավաքը ուշանում է, որպեսզի հասցնենք բերքը հավաքել։ Գնորդներ դեռ չկան։ Անցյալ տարվա բերքս դեռ չեմ վաճառել», — ասում է ֆերմեր Սարգիս Մելիքյանը Խանդո գյուղից ։
Նշենք, որ 2025 թվականին մունիցիպալիտետում ցանվել էր՝
- Ցորեն՝ 2 963 հա, ստացվել է 11 102,5 տոննա,
- Գարի՝ 7 316 հա, ստացվել է 53 598 տոննա,
- Վարսակ՝ 644 հա, ստացվել է 968 տոննա։



