Վրաստանի ներքին գործերի նախարարությունը պաշտոնական տեղեկատվություն և տեսանյութ է հրապարակել Բադրի Էսեբուայի ձերբակալության մասին։
«Ձերբակալվել է 2020 թվականի հոկտեմբերի 21-ին Զուգդիդիում «Վրաստան բանկի» մասնաճյուղի վրա հարձակման համար հետախուզվող՝ 1988 թվականին ծնված Բ.Է.-ին»,- հայտնում են ՆԳ նախարարությունից:
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի ոստիկանության, Կենտրոնական քրեական ոստիկանության և հատուկ նշանակության ստորաբաժանումների աշխատակիցների կողմից իրականացված համատեղ որոնողական և քննչական գործողությունների արդյունքում, ապօրինի զենք, ռազմամթերք, գնելու, պահելու և կրելու, ինչպես նաև բռնություն գործադրելով ահաբեկչական գործողությունների և ահաբեկչական նպատակներով քաղաքացիներին պատանդ վերցնելու փաստերով, 2020 թվականից հետախուզման մեջ գտնվող Բ.Է.-ին ձերբակալել են Սամեգրելոյում։
Հանցագործությունները պատժվում են մինչև 15 տարվա ազատազրկմամբ։
Քննությամբ պարզվել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 21-ին հրազենով և ձեռքի նռնակներով զինված Բ.Է.-ն Զուգդիդի քաղաքում ներխուժել է Զվիադ Գամսախուրդիայի պողոտայում գտնվող «Վրաստան բանկի» մասնաճյուղ և պատանդ վերցրել այնտեղ գտնվող մարդկանց։ Բանկի մասնաճյուղում հարձակվողի մասին ծանուցումը ստանալուն պես տեղում մոբիլիզացվել են իրավապահները և ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Ոստիկանության ձեռնարկած համապատասխան միջոցառումների արդյունքում պատանդներն ազատ են արձակվել։ Մեղավորը թաքնվել է։ Ձերբակալման վայրից հայտնաբերվել են հրազեն և պարկուճներ։
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 150, 236, 323 և 329 հոդվածներով:
«Georgian Bank»-ի մասնաճյուղը թալանելու մեջ մեղադրվող Բադրի Էսեբուայի ձերբակալության մասին տեղեկությունը տարածվել է այսօր առավոտյան։
Առաջին ալիքի տեղեկություններով՝ Բադրի Էսեբուան ձերբակալվել է Ջիխաշկարի գյուղում։
Զուգդիդիում «Վրաստան բանկի» մասնաճյուղի վրա հարձակումը տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ավազակային հարձակումն իրականացրել է Բադրի Էսեբուան։ Հարձակվողը մի քանի ժամ պատանդ է պահել 43 մարդու։ Հետաքննության տվյալներով՝ հարձակվողը կարողացել է բանկից կես միլիոն դոլար վերցնել։