Այսօր Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարար Խուանշեր Բուրչուլաձեն: Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը:
Բուրչուլաձեն պաշտպանության նախարարությունում կհյուրընկալի Լլոյդ Օսթինին: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վրացի և ամերիկացի գործընկերները երկկողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Միացյալ նահանգների և Վրաստանի պաշտպանական ոլորտներում համագործակցությունը: Ավելի ուշ, Պենտագոնի ղեկավարը վրաց գործընկերոջ հետ հանդես կգա լրատվամիջոցների համար համատեղ ասուլիսով։
Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնագիր կստորագրվի, որի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու ընդլայնել հնարավորությունները:
Այցի ընթացքում Լլոյդ Օսթինը հանդիպում կունենա նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Վրաստանի Պաշտպանության ուժերի ռազմաբազաներից մեկը, կմասնակցի ամերիկացի և վրացի զինծառայողների մասնակցությամբ համատեղ զորավարժություններին: