Ախալքալաքի ՀԱԿ-ի վերջին տվյալներով՝ մունիցիպալիտետում հեպատիտ C-ով և ՁԻԱՀ-ով հիվանդներ չկան, սակայն կան տուբերկուլյոզով 11 հիվանդ մարդիկ։
Տուբերկուլյոզը քրոնիկ վարակ է, որի հարուցիչը բակտերիաներն են: Հիվանդության դեպքում ամենից հաճախ տուժում են շնչառական օրգանները, բացի այդ, հանդիպում է ոսկրերի և հոդերի, միզասեռական օրգանների, աչքերի և ծայրամասային ավշային հանգույցների տուբերկուլյոզ:
Տուբերկուլյոզի վարակի աղբյուրը հիվանդ մարդիկ են, ամենից հաճախ վարակը տեղի է ունենում բաց ձևով թոքային տուբերկուլյոզով հիվանդների հետ շփումից, երբ տուբերկուլյոզի բակտերիաները արտազատվում են խորխի հետ միասին: Այս դեպքում իրացվում է վարակի շնչառական ճանապարհը` ցրված բակտերիաներով լի օդի ներշնչումը։ Միկրոբակտերիաների ակտիվ արտազատությամբ և ընդգծված հազով հիվանդն ունակ է մեկ տարվա ընթացքում վարակել մեկ տասնյակից ավելի մարդկանց։
«Սա վարակ է, որը կարող է հանգեցնել մահվան, բայց հիմա այս հիվանդությունը բուժելի է: Վարակումը տեղի է ունենում թքի միջոցով: Եթե տուբերկուլյոզով հիվանդն իրեն լավ է պահի, առանձնացնի իր բոլոր հիգիենայի պարագաները և, ընդհանրապես, մյուսներին չվարակի: Բուժում կա, որը մեզ մոտ, Վրաստանում անվճար է։ Մեզ մոտ հիվանդանում ենք առանձին-առանձին, չկան դեպքեր, երբ նույն ընտանիքից մի քանի հոգի են հիվանդանում։ Հիմնականում այս պահին տվյալ հիվանդությամբ տղամարդիկ են հիվանդանում։ Տղամարդիկ գնում են արտագնա աշխատանքի, բայց քչերը գիտեն, թե ինչ պայմաններում են նրանք ապրում այնտեղ: Գլխավորը ինքնաբուժությամբ չզբաղվելն է, բժիշկներին դիմելն է, հիվանդությունը պարզելու համար անալիզներ հանձնելը»,- ասում է Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։
Վերջինիս խոսքով՝ տուբերկուլյոզի առաջին ախտանշաններն են թուլությունը, առաջանում է քրտնարտադրություն, մարմնի ջերմաստիճանի բարձրացում և այլն։ Տուբերկուլյոզով հիվանդները հաշվառված են հիվանդանոցում, բժշկի հսկողության տակ են նաև նրանց ընտանիքի անդամները, որոնք ախտանիշների ի հայտ գալու դեպքում պարբերաբար հետազոտվում են։