Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերանորոգման աշխատանքները հնարավոր է վերսկսվի ոչ թե «Կորխիս Ծղալի» կամրջից, այլ Ախալքալաքի «Վստրեչա» կոչվող հատվածից։ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանը դրա համար պատրաստվում է պաշտոնապես դիմել Ճանապարհային վարչություն։
Ախալցիխե-Ախալքալաք ավտոճանապարհը երկու տարուց ավել է ինչ անմխիթար վիճակում է։ Ճանապարհին մեծ փոսեր են գոյացել, որոնք գրեթե անանցանելի են։ Վարորդների մշտական բողոքը կարծես թե տեղ չի հասնում։ Նրանց բողոքը հիմնականում կայանում է նրանում, որ այս ճանապարհով երթևեկող մեքենաներից պահանջում են կատարյալ տեխնիկական վիճակ, որպեսզի կարողանան տեխսպասարկում անցնել։
Անմխիթար և անանցանելի վիճակում է գտնվում նաև քաղաքի կենտրոնական ճանապարհի «Վստրեչա» կոչվող հատվածը, այդ իսկ պատճառով Ախալքալաքի քաղաքապետն այլընտրանք է փնտրում այդ հատվածը հնարավորինս շուտ վերանորոգելու համար։
«Ճանապարհի վերանորոգման համար պայմանագիրը մենք չենք կնքել, Ճանապարհային վարչությունն է կնքել, դրա համար պետք է գրավոր դիմում ներկայացնեմ Ճանապարհային վարչություն, որպեսզի ասֆալտապատումն սկսեն քաղաքի վերևի հատվածից: Եթե «Կորխիս Ծղալի» կամրջից սկսեն վերանորոգական աշխատանքները, ապա երկար կտևի, մինչև աշուն, եթե այստեղից սկսեն, ապա մի 10-15 օրվա ընթացքում քաղաքը կմաքրվի։ Ես անպայման այդ առաջարկությունը պետք է անեմ»,- ասում է Յուրիկ Ունանյանը։
Ինչ վերաբերում է ճանապարհների ներկայիս վիճակին քաղաքապետը նշում է, որ մի քանի օրում տեղի կունենա հարթեցման աշխատանքներ, ինչպես նաև ճանապարհափոսերը ավազով կլցվեն։
«Ես գիտեմ այդ ճանապարհների վիճակն անտանելի է, ասել եմ, հարթեցման աշխատանքներ են իրականացվելու»,- ավելացնում է Ունանյանը։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի ներքաղաքային ճանապարհների փոսային աշխատանքներն իրականացնելու համար տեղական բյուջեից այս տարի 230 000 լարի է հատկացվել։
Հավելենք, որ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնումը սկսվել էր սեպտեմբերի երկրորդ կեսից: Ընդհանուր պետք է վերանորոգվի «Կորխիս Ծղալի» կամրջից սկսած ճանապարհի 7 կմ հատվածը: Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) էլեկտրոնային մրցույթ էր հայտարարել 6 638 460.00 լարիի չափով։ Այն շահել էր «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիով:
Տվյալ ծրագրի շրջանակներում՝ 2021 թվականին, Ախալքալաքի կենտրոնում կկատարվի փոսային նորոգում՝ Ազատություն և Դարբինյան փողոցների խաչմերուկում: Ճանապարհների վերականգնման էլեկտրոնային մրցույթն իրականացնելու վերջնաժամկետը 2 տարի է: