Սուլդա գյուղի բնակիչներն անընդհատ տանջվում են ջրի պակասից: Այնեղ ջուրը տալիս են 4 օրը մեկ՝ 2 ժամով: Եվ բացի այդ, ջուրը մաքուր չէ: Բնակիչները մշտապես ջուրը բերում են այլ գյուղերից:

Կախված ջրի քանակից Սուլդայում ջրի գրաֆիկը երբեմն փոխվում է, սակայն, գյուղում յուրաքանչյուր փողոցի համար սահմանված են կոնկրետ ժամեր: Ջրի բաշխման համար պատասխանատուն 4 օր սպասում է, մինչև ջրավազանը լցվի, այնուհետև սկսում է այն մատակարարել ըստ փողոցների: Գյուղը բաժանված է 4 մասի, յուրաքանչյուր մասի համար ջուրը միացվում է 2 ժամով, որպեսզի բնակիչները ժամանակ ունենան ջուր հավաքել, նրանք այն երկար չեն կարող միացնել, մնացածին չի հերիքի: Խնդիրը կայանում է նրանում, որ ջուրը ջրավազան է լցվում ցածր հոսքով և այդ պրոցեսը շատ դանդաղ է ընթանում:

Ջրամատակարարման նոր համակարգը Սուլդայում անցկացվել է 2015 թվականին: Այն ժամանակ Ախալքալաքի մունիցիպալիտետը հայտարարել էր տենդեր-մրցույթ Սուլդա, Դադեշ, Բոզալի գյուղերում ջրամատակարարման նոր ջրագծի անցկացման համար և դրա համար հատկացրել 600 322 լարի:

Տենդերը շահել էր Սուլդա գյուղից ձեռներեց Ցոլակ Վարդիկյանը, նա մրցույթի միակ մասնակիցն էր և շահել էր այն 594 746 լարիի չափով: Այդ գումարից 26 190 լարին նախատեսված էր Սուլդա գյուղի համար:

Այդ ժամանակ շինարարությունն ավարտեցին, մունիցիպալիտետն ընդունեց աշխատանքները: Գյուղում անցկացվեց խմելու ջուր և գյուղի շրջակայքում գտնվող մի քանի վայրերում տեղադրվեցին ծորակներ, սակայն, այդ ժամանակից ի վեր արդեն կար ճնշման խնդիր:

Գյուղացիների խոսքով, ԽՍՀՄ փլուզումից հետո նրանք գրեթե միշտ խմելու ջրի խնդիր են ունեցել:

«Մենք մեքենայով Վաչիան գյուղից ջուրը կրում ենք: Ստացվում է մենք ջուրը գնում ենք», – ասում է Սուլդա գյուղի բնակիչ Սոսո Առաքելյանը:

Ըստ Սուլդա գյուղի քաղաքապետի ներկայացուցիչ Զարզանդ Կուջոյանի, ջրի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է վերականգնել հին գիծը՝ Դիլիֆ գյուղից:

«Նոր ջրագիծն անցկացվել է Կաթնատու գյուղից, բայց ջուր չկա», – ասում է Զարզանդ Կուջոյանը:

Sulda 2

Երկու ժամվա ընթացքում 4 օրվա համար ջրի պաշար ոչ միայն անհնար է հավաքել, այլև, ըստ բնակիչների, գյուղում ջուրն էլ անորակ է, և երբ երեխաները խմում են, դեմքի վրա ցան է առաջանում:

Գյուղի բնակիչները դժգոհում են, որ գումարը ծախսվել է, իսկ արդյունքն էլ այն չէ:

«Ծախսել են ավելի քան 600 հազար լարի, ահա արդյունքը, միթե ոչ ոք չի ղեկավարել աշխատանքները», – ասում է Սուլդա գյուղի բնակիչը:

Sulda 3

Ըստ Զարզանդ Կուջոյանի, քաղաքապետարանից խոստացել են այս տարի այդ խնդիրը լուծել: Բայց երբ և ինչպես է լուծվելու գյուղում ջրամատակարարման խնդիրը, գյուղացիների համար դեռ անհայտ է:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի, իրենք աշխատում են այս ուղղությամբ:

Sulda 4

«Մասնագետներ պետք է գան Թբիլիսիից, նրանք կտեսնեն այդ տարածքը, ապա կկազմեն նախագիծ», – ասում է Յուրիկ Ունանյանը:

Նրա խոսքով, նոր ջրագիծը կանցկացնեն Դիլիֆ գյուղից Դադեշ գյուղով, քանի որ այնտեղ նույնպես կա ջրի պակաս:

«Այս տարի կկազմենք նախագիծ, հաջորդ տարի, հենց որ միջոցներ լինեն, մենք պարտավորություն կստանձնենք իրականացնել այն», – ասում է քաղաքապետը:

Ինչպես հաստատում է քաղաքապետը, մասնագետները տարածքը ստուգելու համար պետք է ժամանեն շուտով: