Ախալքալաքի շրջանի Սուլդա գյուղում, մարդու գոյության համար ամենակարևոր բաղադրիչներից մեկի՝ խմելու ջրի խնդիրը դեռևս լուծված չէ։
Սուլդա գյուղում ջրամատակարարումը գրաֆիկով է, ջուրը ծորակից հոսում է 4-5 օրը մեկ՝ 1-2 ժամով։ Գյուղի տարբեր հատվածներում գրաֆիկը տարբեր է, բարձրադիր վայրերում նոյեմբեր ամսվա ընթացքում 1 անգամ են ջուր ունեցել։ Խնդիրը կայանում է նրանում, որ ամբողջ գյուղը ջրամատակարարվում է «Կաթնատուրի» ջրավազանից, իսկ ջրավազանը լեռներից իջնող աղբյուրներով է համալրվում, որը շատ քիչ է մշտական ջրամատակարարման համար։
«Ես ինձ ինչ հիշում եմ, գյուղում ջուր չկա, մի քանի տարի առաջ ջրհորներից էինք խմելու ջուր հանում, վերջին տարիներին քանի որ գյուղացիների մեծ մասն արդեն մեքենա ունի, մոտակա գյուղերից ենք խմելու ջուր բերում։ Այսօր երեխայիս ծնունդն է, հուսով էի որ ջուրը կգար, բայց չեկավ, ստիպված երեք անգամ գնացել Վաչիանից եմ ջուր բերել։ Գարնանը 4 օրը մեկ ջուր ունենք, ձմռանը դա էլ չկա», – պատմում է Սուլդա գյուղի բնակիչներից մեկը։
Մոտավորապես 30 տարի է գյուղում մշտական ջուր չկա, տարիների ընթացքում քանի որ կառավարությունը խնդրին լուծում չի տվել, գյուղացիները իրենք են ստեղծել պայմաններ խնդրի հետ զուգահեռ ապրելու համար։
«Մարդ ամեն ինչին կարող է հարմարվել, մենք էլ ենք արդեն հարմարվել։ Գյուղում յուրաքանչյուրս 700-ից 2000 լիտրանոց ջրամբար (ցիստեռն) ունենք, երբ ջուրը սկսում է հոսել լցնում ենք ջրամբարները, այնուհետև ջրամղիչի օգնությամբ ջուրը հասնում է լոգարան, այսպես խնայողաբար օգտագործում ենք մինչև ծորակից նորից սկսի հոսել: «Կաթնատուրից» հոսող ջուրը այնքան էլ մաքուր չէ, խմելու համար գրեթե չենք օգտագործում, մոտակա գյուղերից կամ Ախալքալաքից ենք խմելու ջուր բերում», – ասում է Սուլդա գյուղի բնակիչ Ալբերտ Առաքելյանը։
Խորհրդային տարիներին գյուղը ջրամատակարարվել է Դիլիֆ գյուղից, ըստ գյուղապետի խնդրի լուծման միակ տարբերակը հին ջրագծի վերանորոգումն է։
«Դիլիֆ գյուղից ջուրը ինքնահոս չի կարող հասնել մեր գյուղ, հարկավոր է մեծ հզորություն ջրապոմպ տեղադրել, ահագին բարդ նախագիծ է, հստակ չեմ կարող ասել ինչքան փող կպահանջվի։ Ծրագիրն արդեն ներկայացված է, մունիցիպալիտետից պատասխանի ենք սպասում, եթե ծրագիրը համապատասխանի պահանջներին և դրական պատասխան ստանանք, ապա վերանորոգման համար միջոցներ կձեռնարկվեն։ Գյուղը շատ խնդիրներ ունի բայց ամենագլխավոր խնդիրը ջուրն է, որը հուսով եմ շուտով կլուծվի», – ասում ե Սուլդայի գյուղապետ Զարզանդ Կուջոյանը։
Երբ և ինչպես կլուծվի Սուլդա գյուղում խմելու ջրի խնդիրը դեռ անորոշ է:
Վարդուհի Կուրղինյան