Ծալկայի շրջանի Օզնի գյուղից Հակոբ Օհանյանը հաղթահարել է Հայաստանի «Շանթ» հեռուստաալիքի «Ազգային երգիչ» երաժշտական նախագծի լսումների և Թատրոնի փուլերը և արդեն ֆինալում է: «Ազգային երգիչ» նախագծին մասնակցում են հայ երգիչներ: ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի տարբեր անկյուններից:

Անցած կիրակի, տեղի է ունեցել «Ազգային երգիչ» հեռուստատեսային երաժշտական մրցույթի եռյակների փուլը: Ծալկայից Հակոբ Օհանյանն անցնելով լսումների և թատրոնի փուլերը, արժանացել է ժյուրիի հավանությանը, և, այժմ նա 13 մասնակիցների հետ ֆինալում է: Այս փուլից հետո որոշումները կայացնում է հանդիսատեսը, քվեարկելով իր նախընտրած մասնակցի օգտին և ամենաքիչ ձայներ հավաքած մասնակիցը կլքի նախագիծը:

Հակոբ Օհանյանը ծնվել և մեծացել է Ծալկայի շրջանի Օզնի գյուղում, սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում: Հակոբը 24 տարեկան է: Մանկուց հետաքրքրված է եղել երգով՝ ոգեշնչվելով իր պապիկից: 18 տարեկանում ընդունվում է Երևանի մշակույթի քոլեջ, որն ավարտելուց հետո երաժշտական կրթությունը շարունակում է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

«Միշտ ունեցել եմ մտավախություն, որ շատ տաղանդավոր մարդկանց նման հնարավոր է չկարողանամ զբաղվել երգով, բայց ի վերջո ինքս ինձ որոշեցի, որ սա է իմ ոլորտը ու գնացի երազանքիս հետևից: Կոնսերվատորիայում իմ դասախոսը Արսեն Գրիգորյանն է եղել, ումից շատ բան եմ սովորել: Արդեն կոնսերվատորիան ավարտելուց հետո զբաղվել եմ իմ սիրելի գործով, մասնակցելով տարբեր համերգների ու միջոցառումների», – պատմում է Հակոբը:

Նա առանձնակի ոգևորվածությամբ ասում է՝ իր երազանքը հայրենի համայնքում երաժշտական դպրոց բացելն է, որը շրջանի երեխաներին հնարավորություն կտա առաջ գնալ երաժշտության ասպարեզում, ինչի հնարավորությունն ինքը չի ունեցել:

Հակոբը սոցիալական հարթակներից տեղեկանալով «Ազգային երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանի ընդունելության մեկնարկի մասին, որոշում է հայտ ներկայացնել ու փորձել իր ուժերը:

«Որոշեցի մասնակցեմ, քանի որ առաջին եթերաշրջանին չկարողացա մասնակցել: Նախագծից սպասելիքներս շատ են, հաղթահարելով որոշ փուլեր արդեն ֆինալում եմ, ինչն արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Նախագիծը մեզ մեծ հնարավորություններ տվեց, հնարավորություն ունեցանք աշխատելու պրոֆեսիոնալ մասնագետների հետ ու շատ բան սովորեցինք նրանցից, ինչը նույնպես ձեռքբերում է», – ասում է Հակոբ Օհանյանը:

IMG_8159

Մեր հերոսը ցանկանում է հայտնի երգիչ դառնալ, ու լինել սիրված հանրության կողմից, ելույթներ ունենալ միջազգային բեմերում ու ներկայացնել Հայկական երգը: Նշում է՝ բոլորը պետք է իմանան, որ սա մերն է, մեր մշակույթը և մենք պետք է պահպանենք այն, որ ուրիշները չյուրացնեն ու իրենցը չդարձնեն:

«Ազգային երգիչ» նախագծի կանոների համաձայն ժյուրին արդեն ընտրել է 13 ֆինալիստներին, այս փուլից հետո կսկսվի գալահամերգների շրջանը, որտեղ որոշում կայացնողը լինելու է հեռուստադիտողը, քվեարկելով իր իսկ նախընտրած մասնակցի օգտին: Հայաստանից, Արցախից և Սփյուռքից քվեարկության ձևի և կարգի մասին Jnews-ը կտեղեկացի, երբ պարզ լինեն քվեարկության ֆորմատն ու կարգը: