Արդեն երկու ամիս է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 120 000 հայեր մեկուսացված են ապրում արտաքին աշխարհից: Փաստացի փակ է Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը: Մարդիկ սննդի և դեղորայքի կարիք ունեն, նրանք ապրում են ջեռուցման և էլեկտրաէներգիայի մշտական անջատումների պայմաններում:

Փակ ճանապարհի պատճառում Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի մեջ: Jnews-ը կապ է հաստատել Արցախում բնակող Ղարիբյաների ընտանիքի հետ, և պարզել թե ինչպես են ապրում շրջափակման պայմաններում:

Ղարիբյաների ընտանիքն ապրում է Արցախի Մարտակերտ քաղաքում, 44-օրյա պատերազմը և գրեթե երկու ամիս շարունակվող շրջափակումը շատ բան են փոխել նրանց կյանքում: Նրանց ընտանիքը երկու մասի է բաժանվել, 64-ամյա Սոնա տատիկը, որ ոչ մի պարագայում չի պատրաստվում թողնել ու հեռանալ Արցախից, իր մոր և որդու հետ Արցախում է: Իսկ մյուս որդին իր կնոջ և 6 երեխաների հետ Հայաստանում է մնացել:

Մեր զրուցակիցը զուգահեռներ է անցկացնում 90-ական թվակաների հետ, երբ ոչ գազ կար, ոչ՝ լույս, ուտելիքը՝ սակավ: Այսօր ևս Արցախում սննդամթերքը սահմանափակ է, խանութներով կտրոնային համակարգ է ներդրվել:

ktron

«Սնունդն ստանում ենք կտրոներով, սահմանված քանակությամբ: Խանութներում հերթ ենք կանգնում, միրգ, բանջարեղեն համարյա չի վաճառվում, գրեչկա, ոսպ, ձեթ, սենց բաներ են մենակ տալիս: Մարդուն կես կիլոգրամ ամսական ու մի ձեթ, կտրոնը ցույց ենք տալիս ու վերցնում: Հատկապես ծանր դրության մեջ են հայտնվել բազմազավակ ընտանիքները, սնունդը հերիքում է միայն գոյությունդ պահպանելու համար», – ասում է Սոնա Ղարիբյանը՝ նշելով, որ շուկաները կիսադատարկ են, հիմնականում վաճառվում է տեղական նուռ և կանաչի:

Միակ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Ադրբեջանցիները, երբ ցանկանում են անջատում են գազը: Ադրբեջանի հսկողության տակ է նաև էլեկտրահաղորդման միակ գիծը, այդ պատճառով Արցախը Հայաստանից էլեկտրաէներգիա չի ստանում: Էլեկտրականության մատակարարումն ընդհատվում է հովհարային անջատումներով, որի նպատակն է խնայել ունեցած ռեսուրսները:

Արցախցիները ելքը գտել են, փայտե վառարաններով են տաքանում, չեն դժգոհում, որովհետև իրենց տանն են:

«Մի քիչ դժվար է վիճակն այն ընտանիքներում, որտեղ նորածին երեխա կա», – պատմում է մեր զրուցակիցը:

drosh

Չնայած դժվարություններին Սոնա Ղարիբյանը երբեք չի մտածել ու չի մտածում Արցախից հեռանալու մասին: Ասում է՝ իմ որդին այստեղ է զոհվել 90-ականների կռվի ժամանակ:

«Ես իրավունք չունեմ այս հողը լքելու: Սա է իմ հայրենիքը, գնալու ուրիշ տեղ չունեմ: Ճիշտ է վախ, անորոշություն կա, գիշերը քնում ենք մտածելով թե ինչ է լինելու վաղը, բայց դա չի նշանակում, որ եթե ճանապարհը բացվի ես կգնամ Արցախից»,- վստահեցնում է նա:

Նրա մյուս որդին, ով զինվորական է եղել, այժմ ապրում է Հայաստանում՝ իր 6 անչափահաս երեխաների հետ: Նշում է, որդին սպասում է ճանապարհը բացվելուն, որպեսզի ընտանիքով վերադառնա Արցախ: Նրանք հիմա վարձով են ապրում Հայաստանում և ֆինանսական աջակցության կարիք ունեն:

«Արցախի ու Հայաստանի համար հիմա ծանր ժամանակներ են, թշնամին ամեն կերպ փորձում է զավթել մեր պատմական հայրենիքը: Ամուր կագնած ենք մեր հողի վրա, մեր որդիների արյունն էս հողի համար է թափվել ու մնալու ենք մինչև վերջ», – եզրափակում է Սոնա Ղարիբյանը:

2022 թվականի դեկտեմբերի 12-ից մի խումբ ադրբեջանցիներ, որոնք իրենց անվանում են էկոակտիվիստներ, փակել են Լաչինի միջանցքը: Սա Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն է։ Գրեթե երկու ամիս է միայն Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները մուտքի իրավունք ունեն Արցախ:

Մինչև ճանապարհը փակումը Հայաստանից Արցախ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով ամսական շուրջ 12 հազար տոննա պարեն էր մատակարարվում, այժմ պարենի կանոնավոր մատակարարումները դադարեցվել են։ Սննդամթերքն Արցախ է հասնում միայն Կարմիր Խաչի և խաղաղապահների շնորհիվ։