Լեռնային Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների 9-րդ օրը ԼՂՀ-ի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում արձանագրել է «առաջնագծում կայուն հաջողություններ»:

«Ադրբեջանի ահաբեկչական բանակը միայն «Սմերչ» կայանքից ավելի քան հարյուր հրթիռ է արձակել մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ, սակայն, բարեբախտաբար, մեծ կորուստներ չեն եղել»,- գրել է Արայիկ Հարությունյանը:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան ընդգծեց, որ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից առ այսօր կիրառում է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված զենքեր, հատկապես կասետային արկեր, կասետային հրթիռներ եւ ռումբեր: Նա հայտարարել է, որ սեպտեմբերի 27-ից մինչև սեպտեմբերի 4-ը զոհվել է 19 քաղաքացիական անձ, որոնցից մեկը` երեխա, 7-ը` կին, 11-ը՝ տղամարդ, ևս 80 հոգի վիրավորվել է:

Այս տեղեկությունը հաստատել է «Amnesty International»-ի միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, որի փորձագետները Ստեփանակերտում հաստատել են, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը ռմբակոծվում է իսրայելական արտադրության արգելված կասետային ռումբերով:

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը թվարկելով Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց, բնակելի տների, ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը՝ նշել է. «Հիմնականում հրթիռային և հրետանային հարվածների արդյունքում կան դեպքեր անօդաչու սարքերի հարվածներից, դեպքեր կան բարձր ճշգրտության հրթիռային համակարգերի հարվածներից, հիմնական թիրախը վերջին օրերում եղել է Ստեփանակերտի բնակչությունը: Ադրբեջանի նպատակը խիտ բնակեցված տարածքներին հարվածներ հասցնելն էր, մարդկային և նյութական մեծ վնասներ հասցնելը, գուցե նպատակը նաև խուճապ ստեղծելն ու վախեցնելն է»:

Ադրբեջանի կողմից տարածված տեղեկատվությունն այն մասին, որ Ադրբեջանի մի շարք բնակավայրեր հրետակոծվում են Հայաստանի տարածքից, Երեւանում պաշտոնական մակարդակով հերքվել է: Հայաստանի պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքել է այս տեղեկությունը, այլ նաև հայտարարել, որ Ադրբեջանը սադրանքների հող է նախապատրաստում:

«Ադրբեջանի ռազմաքաղաքան ղեկավարությունը քաղաքացիական օբյեկտների մասին բարձր է գոռում, որ սեփական վանդալիզմը քողարկի։ Արցախի նախագահը ձեր կողմից Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը և այլ բնակավայրերը հրթիռակոծելուց վեց օր հետո հստակ հայտարարեց, որ խոցելու ենք ռազմական թիրախներին, որոնք կարող են մոտիկ գտնվել քաղաքացիական օբյեկտներին։ Բայց դուք ձեր բնակիչների վրա էլ թքած ունեք։ Եվ այս ամենը ակնհայտորեն անում եք, որպեսզի սադրանքների հող նախապատրաստեք»,- հայտարարել է Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 21 զինծառայողների անուններ, ովքեր նահատակվել են Ադրբեջանի դեմ մարտերում: Ընդհանուր առմամբ արդեն զոհվել է 240 զինվոր:

Նշենք, որ Ադրբեջանը չի հրապարակում ռազմական կորուստների մասին տվյալները, այլ միայն հաղորդում է քաղաքացիական զոհերի մասին: