Վրաստանում հայ և ադրբեջանցի ուսանողները միասին են սովորում վրացական բուհերում: Նրանց հարաբերությունները բարիդրացիական են մինչ այն պահը, երբ Ղարաբաղի հարցը նրանց միջև քննարկման թեմա է դառնում: Ղարաբաղի կռվով ընդհատված հայ-ադրբեջանական ընկերություն, կամ շարունակվող հարաբերություններ, որ չեն ենթարկվում ազգամիջյան խնդիրների ճնշմանը և ի՞նչ են անում բուհերը, որ Ղարաբաղի հարցը ուսանողների հակամարտության հիմք չդառնա։
Ռաուֆ Մախարամովը Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանում, մագիստրատուրայի երկրորդ կուրսում է սովորում։ Ավարտել է Իլիայի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ Իլիայում սովորելու ընթացքում ունեցել է հայ կուրսեցի, որի հետ ունենալով փոքր կոնֆլիկտներ, մինչև այսօր չի խզել հարաբերությունները։
2010 թվականից Վրաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում սկսեցին միասին սովորել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, մասնավորապես՝ հայերն ու ադրբեջանցիները: «1+4» նախագիծը հնարավորություն է տալիս ոչ վրացալեզու դիմորդներին համալսարան ընդունվել հանձնելով միայն մեկ քննություն՝ իրենց մայրենի լեզվով։ 2010 թվականից մինչև այս տարի՝ 2021 թվականը «1+4» ծրագրի շրջանակներում Վրաստանի տարբեր ուսումնական հաստատություններում սովորում է՝ 3 199 հայալեզու ուսանող։ Այս ծրագրով Վրաստանում սովորում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հայերը, ադրբեջանցիները, օսերը և աբխազները։
Տարբեր համալսարններում ուսուցման ձևը տարբեր է։ Օրինակ՝ Իլիայի պետական համալսարանում ոչ վրացալեզու ուսանողները սովորում են խառը կուրսերում, այսինքն՝ կուրսում կան՝ թե հայեր, թե ադրբեջանցիներ։
Մինչև համալսարան ընդունվելը Ռաուֆը շփում չի ունեցել հայերի հետ:
«Առաջին անգամ ազգությամբ հայ մարդ տեսա համալսարանում՝ կուրսեցուս, ում հետ անմիջապես մոտիկացա։ Սկզբից կարծես վախ կար և խուսափում էինք միմյանցից, հետո մոտս ցանկություն առաջացավ ծանոթանալ կուրսեցուս հետ, նույն կուրսում էինք սովորում, միասին նախագծեր պետք է անեինք։ Վերջ ի վերջո խոստովանեցինք, որ վախենալու ոչինչ չկա, և սովորականի պես շարունակեցինք ընկերությունը», – ասում է Ռաուֆը:
Սովորելու ընթացքում նրանց չի հաջողվել խուսափել տարաձայնություններից: Ռաուֆը պատմում է, որ իր հայ կուրսեցին իրեն վատ է զգացել և դուրս եկել լսարանից, երբ իրենք ներկայացրել են ֆիլմ, որում հայերը կոտորում են ադրբեջանցիների: Նրա կուրսեցին բարկացել է՝ ասելով, որ իրենք ևս հազարավոր ֆիլմեր ունեն ադրբեջանցիների կողմից հայերի ջարդերի մասին, սակայն ինքը դրանք չի ներկայացնում։ Դա առաջին ու վերջին դեպքն է եղել, երբ նրանք միմյանց վիրավորող որևէ բան են արել։
Ուսանողները ավելի զգայուն ու կտրուկ են տրամադրված ուսանողության առաջին տարիներին, քանի որ նրանք նոր-նոր են դուրս գալիս փակ հասարակությունից: Այնտեղ գերակշռում են կարծիքները, ստեղծված հակամարտության ակտիվ պահերին, երբ ուրվագծվում է թշնամու պատկերը:
Ռաուֆն այսօր արդեն առաջին կուրսում սովորող ուսանող չէ, և համարում է, որ Վրաստանի հայերը և ադրբեջանցիները չպետք է առաջնորդվեն ազգամիջյան խնդիրներով: Նա մագիստրատուրան այսօր օնլայն է սովորում: Զուգահեռաբար զբաղվում է կահույքի վերանորոգմամբ: Օնլայն դասերը լինում են մեկ առավոտյան, մեկ երեկոյան: Նա վերադարձել է սեփական՝ ադրբեջանական միջավայր, ապրում է Գարդաբանի շրջանում:
«Ես կարծում եմ, որ Վրաստանում ապրող հայ և ադրբեջանցի ուսանողների միջև հնարավոր է ընկերություն։ Յուրաքանչյուր ազգության մեջ կան լավ և վատ մարդիկ», – ավելացնում է Ռաուֆը։
Ռաուֆի ընկերությունը հայ կուրսեցու հետ վերապրել է 2016 թ.-ի քառօրյա և 2020 թ.-ի Ղարաբաղյան երկրորդ պատերազմը և դեռ կայուն է, ու անխնդիր: Սակայն նա կարծում է, որ հայերի և ադբեջանցիների հարաբերությունների խնդիրը լուծում չի գտնի, քանի դեռ դա գալիս է երկու ազգերի դաստիարակությունից, ընտանիքներից, մշակույթից և այլ արժեքներից։
Զոյա Թաթարյանը մեկ տարի սովորել է ադրբեջանալեզու ուսանողների հետ։ Հիմա արդեն 3-րդ կուրսում է ուսանում։ Սկզբից ամեն բան հարթ է եղել, հետո ստեղծվել են կոնֆլիկտային իրավիճակներ, սակայն ի տարբերություն Ռաուֆին, խնդիրը հեշտությամբ լուծել չի ստացվել:
«Ես ադրբեջանցի ուսանողների մասին շատ լավ կարծիքի էի, որովհետև փոքրուց մեզ դաստիարակել են, որ ամեն ազգության մեջ կան՝ թե լավ, թե վատ մարդիկ։ Տեղյակ լինելով, որ Իլիայի պետական համալսարանում ադրբեջանցի ուսանողներ շատ կան, դա ինձ չէր մտահոգել, վատ տրամադրվածություն չունեի», – պատմում է Զոյան:
Նրա և կուրսեցիների կոնֆլիկտները սկսվել են դեռ մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմը։ Կոնֆլիկտի թեմաները տարբեր են եղել՝ սկսած ուտեստների տեսակների, մինչև ազգագրական երգերի ու պարերի պատկանելության վերաբերյալ։
Երբ սկսվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Զոյան նշում է, որ այդ ընթացքում ջանացել են իրենց հանգիստ պահել, բայց չի ստացվել։
«Փորձում էինք մեզ հանգիստ պահել, սակայն չստացվեց։ Կամ մենք էինք սկսում կռիվը, կամ իրենք։ Սոցիալական կայքերում կային հայտարարություններ, որոնց տակը գրում էին մեր համալսարանի ադրբեջանցիները և հայերը, և միշտ կռիվ էր։ Եղել է, որ մեկնաբանություններում կռվում էինք, հետո անցնում անձնական նամակագրության», – ասում է նա։
Մինչ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը Զոյան բավականին լուրջ կոնֆլիկտ է ունեցել ադրբեջանցի կուրսեցիներից մեկի հետ, որը հասել է մինչև «ուսանողական դատարան»:
«2018-2019 թվականներին էր: Ուզում եմ նշել, որ այդ կոնֆլիկտը նորմալ ավարտ ունեցավ, երկուսս էլ միմյանց հասկացանք, հասկացանք ով էր ճիշտ, ով՝ սխալ։ Բայց հիմա այդ կուրսեցուս հետ հարաբերությունները խզված են, իրար որ հանդիպում ենք ճանապարհը փոխում ենք», – ավելացնում է Զոյան։
Այս ամենից հետո Զոյան փոխել է ֆակուլտետը, որպեսզի չհանդիպի կուրսընկերոջը: Դրանից հետո եղել են ադրբեջանալեզու ուսանողների հետ ընկերության այլ ստացված փորձեր, սակայն դրանք ավարտվել են 2020 թ.-ի աշնանը:
«Ղարաբաղյան կռիվն ազդել է հայ և ադրբեջանցի ուսանողների հարաբերությունների վրա։ Շատ մոտ ընկերներ ունեի, ամեն տեղ միասին էինք գնում, մեզանից մեկին, որ առանձին էին տեսնում, զարմանում էին և հարցնում՝ բա մյուսն ու՞ր է։ Իսկ հիմա ոչ մի տեսակի հարաբերություն չունենք։ Ես կարծում եմ, որ առցանց դասերը շատ օգնեցին, որ ավելի մեծ կոնֆլիկտ չլիներ այդ ժամանակ»։
Արզուման Ալեևը Զոյայի համակուրսեցին է եղել նախապատրաստական կուրսում: Նա ցավում է, որ հայ համակուրսեցու հետ հարաբերությունները խզվել են ինչ-որ մանր կոնֆլիկտների պատճառով:
«Մենք այնտեղ էինք սովորելու համար, ունեցել եմ հայ ընկերներ և հիմա էլ ունեմ։ Համալսարնում երբեք չի հնչել Ղարաբաղ բառը, և Ղարաբաղի մասին խոսք չի եղել։ Մենք պետք է հասկանանք, որ Ղարաբաղի պատերազմը միայն քաղաքականություն է, և այն մարդիկ, ովքեր կոնֆլիկտ են փնտրում, պետք է իմանան, որ դա մեր կոնֆլիկտը չէ։ Մենք մի երկրում ենք գտնվում, որը ոչ Հայաստան է, ոչ էլ Ադրբեջան, մենք Վրաստանում ենք», – ասում է Արզումանը։
Վերջինս նշում է, եթե նախկինում հնարավոր է եղել երկու ազգի ներկայացուցիչների ընկերությունը, հիմա ի՞նչն է խանգարում:
Իլիայի համալասարանի «Վրացերենը՝ որպես երկրորդ լեզու» ինտեգրման ծրագրով, համավարակի պայմաններում ևս նախապատրաստական կուրսի ուսանողները zoom-ի մի խմբում են սովորում պետական լեզուն:
Իվլիտա Լոբջանիձեն նախագծի սկզբից մինչև հիմա դասավանդում է հայալեզու և ադրբեջանալեզու ուսանողներին, լավ գիտի նրանց մտածելակերպը, առավելությունները և, իհարկե խնդիրները։
Իլիայի համալսարանը ունի մոտեցում ուղղված ոչ վրացալեզու ուսանողների պահվածքին և նրանց ինտեգրմանը: Համալսարանի ադմինիստրացիան տարեսկզբին հանդիպում է խմբերի հետ և բացատրում ընդհանուր վարքագծի նորմերը, որտեղ գրված է բազմերանգության հանդեպ հարգանքը, ոչ միայն ուսանողների, այլև դասախոսների և ադմինիստրացիայի անդամների նկատմամբ:
«Ուսանողները ծանոթանում են այս հանդուրժող միջավայրին և, իհարկե՝ այն իրավունքներին և պարտականություններին, որոնք սովորելու ընթացքում պետք է պահպանեն, այդ թվում՝ տարբեր կարծիքի հանդեպ հարգանքը, տարբեր մշակույթի, լեզվի, կրոնի և այսպես շարունակ։ Քիչ թե շատ հաջողվում է դա մեզ մոտ: Ինչպես նաև ուզում ասել, որ տարվա ավարտին բավականին հաջողված հարաբերություններ է ձևավորվում ուսանողների միջև»,- ավելացնում է համալսարանի դասախոսը։
Իվլիտան նկատել է՝ ոչ վրացալեզու ուսանողները բարձր կուրսերում նույնպես շարունակում են ընկերական հարաբերությունները և ավելի շատ է միմյանց միջև կապը, քան բակալավրիատում։
«Եթե լինում է խոսակցություն, որը կառաջացնի կոնֆլիկտ և լարվածություն, այդ ժանանակ կարող են ներգրավվել իրավապահ մարմինները, հնարավոր է, որ ներգրավվի նաև համալսարանի վարչությունը, հնարավոր է տեղի ունենա ուսանողների հետ զրույց, կամ ուսանողների խմբերի միջև: Քանի որ այդ ուսանողները հետո պետք է մասնակցեն խմբային աշխատանքների, և այդ թյուրիմացությունը կարող է հետագայում խնդիր առաջացնի ուսման մեջ: Շատ կարևոր է թիմային աշխատանքը և համագործակցությունը։ Համապատասխանաբար, տիկին Թամար Գզիրիշվիլին, (համալսարանի վարչության «Ընդհանուր վարքագծի նորմերի» բաժնի պետ) հաճախ ներգրավվում է այդպիսի իրավիճակներում»:
Դասախոսը շեշտում է, որ զգոն են, որ թյուրիմացություն չլինի։ Հնարավոր է, որ ուսանողը չիմանա նաև այն, որ չի կարելի ամեն ինչ գրել սոցիալական կայքերում և պետք է զգույշ լինել։
Իվլիտան հավելում է, որ ունեցել է նաև այնպիսի ուսանողներ, ովքեր անձնական համակրանք են ունեցել, և նույնիսկ սիրային հարաբերություններ։
Ղարաբաղյան հակամարտությունը «արթուն» է պահում երկու կողմի Վրաստանում սովորող ուսանողների զգացմունքները, եթե մինչ հակամարտության սրվելը համալսարանում նրանք ընկերություն էին անում և ամենուր միասին շրջում, ապա այսօր խզվել են այդ հարաբերությունները։ Վրաստանի համալսարանների աշխատանքն այս հարցում զգալի արդյունք է տվել, սակայն այն նոր մոտեցում և շարունակություն է պահանջում:
Գայանե Ակոջյան