Քաղաքապետարանը երեկ՝ հունվարի 24-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի պատգամավորներին ներկայացրեց 4 ենթակառուցվածքային նախագիծ, որոնք կա՛մ իրականացման ընթացքի մեջ են, կա՛մ կիրականացվեն 2024 թվականին Ախալքալաքում ու գյուղերում։ Պատգամավորներն էլ իրենց հերթին ներկայացրեցին իրենց նախագիծը, որը վերաբերում է Ախալքալաքի մուտքի բարեկարգմանը։

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և պլանավորման վարչության կողմից ներկայացված նախագծերը.

1. Չունչխա գյուղի ճանապարհի բետոնապատում ընդհանուր 1700 մ երկարությամբ, 5 մ լայնությամբ։

2. Փոքր զբոսայգու կառուցում, նախկին զինվորական ավան (№ 14) որտեղ կլինի խաղահրապարակ, նստարաններ, լուսավորություն և մարզասարքեր։

3. Ջիվանու անվան զբոսայգու բարեկարգումը, որը սկսվել է անցյալ տարի և շարունակվելու է այս տարի, նախագիծն երկամյա է։

4. Աղմաշենեբելի փողոցի բազմահարկ շենքերի բակում պուրակի կառուցում:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի Տնտեսական զարգացման և գույքի ծառայության պետ Մնացական Փամբուխչյանը պատգամավորներին ցույց տվեց այս նախագծերը և խոսեց դրանց մասին։

Նրա խոսքով, քաղաքապետարանը մտադիր է փոքրիկ հանգստի գոտի կազմակերպել նաև թիվ 5 հանրային դպրոցի շրջակայքում, որը տեղացիների շրջանում հայտնի է որպես «գիշերօթիկ դպրոց»։

«Մենք դիմել ենք պետությանը գիշերօթիկ դպրոցի շրջակայքում մեզ հողատարածք տրամադրելու համար, մտադիր ենք նաև այնտեղ հանգստի գոտի կառուցել։ Բացի այդ, մունիցիպալիտետի բյուջեով բոլոր գյուղերում որոշ նախագծեր ենք նախատեսել, չկա գյուղ, որը մենք բաց թողած լինենք»,- ասաց Փամբուխչյանը։

Ախալքալաքի Սպասարկման կենտրոնն արդեն ընդունել է երկու լրացուցիչ աշխատակցի՝ քաղաքային այգիները սպասարկելու համար։

Սակրեբուլոյի նախագիծը, որը գրվել է համատեղ երեք հանձնաժողովների (սոցիալական հարցերի, մշակույթի, կրթության, սպորտի և երիտասարդության հարցերի, Ֆինանսաբյուջետային և տարածքային-շրջանային հատակագծման և ենթակառուցվածքների հանձնաժողովներ) կողմից, ցուցադրեց և պատմեց Աալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը:

Սակրեբուլոյի նախագծով նախատեսվում է բարեկարգել Ախալքալաք քաղաքի արվարձանը՝ Ախալցիխեի կողմից։

Ըստ նախագծի՝ քաղաքը հյուսիս-արևելյան կողմի գյուղերի և Ախալցիխեի հետ կապող կամրջի դիմացի ժայռի լանջը պետք է բարեկարգվի։ Ենթադրվում է այնտեղ պատ կառուցել, հարթեցնել տարածքը, տեղադրել նստարաններ, լուսավորել, այս տարածքը աստիճաններով միացնել դիտահարթակին, որը գտնվում է ժայռի վերևում։ Ենթադրվում է, որ պատը կկառուցվի Ախալքալաքի բերդի ոճով։

Նախագիծը հավաքվածներին դուր եկավ, և Մնացական Փամբուխչյանն ասաց, որ եթե միջոցներ լինեն, ապա իրենք դա նկատի կունենան։

Պատգամավորների կողմից առաջարկվեց նաեւ քաղաքի եւ մունիցիպալիտետի բնակավայրերի մուտքի մոտ տեղադրել ցուցիչ ճանապարհային նշաններ։

Սակրեբուլոյում Գոգաշենից պատգամավոր Մարինե Թաքթաքիձեն առաջարկեց Գոգաշեն գյուղում խաղահրապարակ կառուցել, քանի որ գյուղում երեխաների և երիտասարդների համար ոչինչ չկա։