Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրարկումից հետո՝ կապված վերջինիս Ուկրաինա ներխուժման հետ, շատ ընկերություններ դադարեցրին իրենց գործունեությունը ՌԴ-ում, այդ թվում՝ Inditex խմբի խանութները, H&M-ը, սպորտային հագուստի ապրանքանիշերը (Nike, Adidas և այլք), շքեղ հագուստի ապրանքանիշեր, էլեկտրոնիկա, ավտոմեքենաներ արտադրողներ, MacDonald’s արագ սննդի ցանցը և շատ ուրիշներ: Ինչպես է փոխվել Մոսկվայի բնակիչների կյանքը, ինչպես է այդ ընկերությունների հեռանալն ազդել նրանց առօրյայի ու ապրելակերպի վրա, Jnews-ը զրուցել է Ռուսաստանի մայրաքաղաքի տարբեր մասնագիտությունների տեր մի քանի բնակիչների հետ։
Հարցվածները խնդրել են անանուն մնալ, այդ իսկ պատճառով Jnews-ը մեջբերում է նրանց մեկնաբանություններն առանց անունների:
Ռուսաստանում բնակչության շրջանում կարելի է հանդիպել տարբեր կատեգորիաների մարդկանց։ Ոմանք գաղափարախոս հայրենասերներ են, ովքեր կարծում են, որ պատժամիջոցները միայն լավ են երկրի տնտեսության համար, աջակցում են տեղական արտադրողներին և այլն, մյուսները չեզոք են տեղի ունեցողի նկատմամբ և հարմարվում են նորարմուծություններին, մյուսները լքում են երկիրը՝ մասամբ սահմանափակումների, մասամբ մոբիլիզացիայից վախի պատճառով։
Inditex խմբի խանութները (Zara, Massimo Dutti, Pull and Bear, Stradivaruis, Bershka) հայտարարել են ռուսական շուկայից դուրս գալու մասին 2022 թվականի գարնանը։ Անկախ գնային կատեգորիայից՝ շատ բնակիչներ այնտեղից էին հագուստ գնում։ Այս պահին բնակիչները ստիպված են փոխարինող փնտրեն իրենց սիրելի խանութներին։
«Խանութների առումով մի քիչ դժվար է, բայց այլընտրանքները շատ են: Ինձ համար միևնույն է, թե ինչ խանութ է, գլխավորն այն է, որ ինձ դուր գա հագուստը և գինը, ուստի ես շրջեցի բոլոր խանութները, թե՛ լքողները ու թե՛ նրանք, որոնք մնացել են»,- ասում է դիմահարդարը Մոսկվայից։
«Ինձ համար Ikea-ի նման ապրանքանիշի հեռանալը մեծ խնդիր էր, քանի որ տեղական արտադրողները հազիվ թե ինչ-որ բան առաջարկեին, իսկ ովքեր կարող էին՝ թանկացրին: Ikea-ում բնակարան կահավորելը կարժենար կոպեկներ, և այն կլիներ բարձրորակ և ժամանակակից: Տեխնոլոգիաների և պահեստամասերի խնդիր կա: Մեքենաների սպասարկումը թանկացել է, պահեստամասերը թանկացել են, նորմալ մեքենաները պաշտոնապես չեն ներկրվում, «չինականացում» է ընթանում, իսկ մնացած բոլոր մեքենաները թանկացել են։ Պահեստամասերը հատուկ տեխնիկայի համար նույնպես թանկացել են, ավելի էժան է դրանք բերել հարևան երկրներից, ինչով մարդիկ հաջողությամբ զբաղվում են»,- ասում է ինժեները Մոսկվայից։
«Սիրված ապրանքանիշերը (Inditex) հեռացել են, տեղական ապրանքանիշերը թանկացել են, թանկացել են նաև արտասահմանյան տեխնիկան, ներկրվող մեքենաները, քանի որ դրանք քիչ են մնացել երկրում: Շատ արտասահմանյան բժշկական ապրանքները ևս հեռացել են/հեռանում են (մանկական նուրոֆեն, medela, mustela): Հիմա ես շատ ավելի հազվադեպ եմ հագուստ գնում ռուսական խանութներից: Ես գերվճարում եմ, եթե ինձ անհրաժեշտ է տեխնիկա/դեղորայք, կամ խնդրում եմ բերել, կամ ապրանքը փնտրում եմ ավիտոյում», – ասում է մոսկվացի 26-ամյա լեզվաբանը։
«Վատ է, որ հագուստի ապրանքանիշերը հեռացել են, բայց զուգահեռ ներմուծման մասին օրենքը թույլ չի տալիս դա նկատել, քանի որ հագուստն ինչպես կար, այնպես էլ կա, թեև ֆիզիկական գնումները տուժեց, բայց առցանց դարաշրջանն այժմ ծաղկում է»:
2022 թվականի գարնանը արագ սննդի ռեստորանների ցանցը և արագ սննդի համաշխարհային ապրանքանիշ McDonald’s-ը հայտարարեց Ռուսաստանում իր վաճառակետերի փակման մասին ավելի քան 30 տարվա գործունեությունից հետո։ Այն ժամանակահտվածում դրանք 700-ից ավելի էին երկրի 45 մարզերում։ Հունիսին ապրանքանիշի բոլոր ռեստորանները վաճառվեցին Սիբիրից նախկին ֆրանչայզերին՝ Ալեքսանդր Գովորին, որից հետո նրանք բացվեցին նոր անունով՝ «Համեղ է ու վերջ»։ Այնուամենայնիվ, մեր հարցազրույցների մասնակիցների մեծամասնությունը համաձայնեց, որ նոր ցանցը գրեթե նույնական է հնին:
«Մակդոնալդսի հեռացումը ոչ մի կերպ չի ազդել իմ կյանքի վրա»:
«Կարծում եմ, որ «Համեղ է ու վերջ»-ի 85%-ը համընկնում է McDonald’s-ի հետ»:
«Նորմալ է, սնունդը նույնն է»:
Մոսկվացի ձեռներեցը նույնիսկ շահել է Coca Cola-ի հեռանալուց.
«Կոլայի հեռացումը միայն պլյուս է, մենք ներկրվածը վաճառում ենք ավելի թանկ գնով: «Բարի Կոլան» արտադրում է նույն գործարանը, որն արտադրում էր «Կոկա-Կոլա»-ն: Բայց քանի որ ոմանց համար կարևոր է գնել հենց Coca-Cola ներկրվում է Վրաստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից և այլն»:
«Մակդոնալդսի հեռանալը, ասեմ ոնց կա, ինչ կար, ինչ չկար, հիմա կա «Համեղ է ու վերջ»-ը, սուրճը նույն համն ունի, բուրգերները շատ չեն փոխվել, ինձ համար տարբերություն չկա»,- ասում է մոսկվացի ինժեները։
Ընդհանուր առմամբ, չնայած այն հանգամանքին, որ մարդկանց առօրյան քիչ է փոխվել, հարցվածների մեծ մասը պատասխանեց, որ սահմանափակումների պատճառով որոշակի անհարմարություն է զգում հուզական և հոգեբանական մակարդակի վրա։
«Տրամաբանության տեսակետից և ընդհանուր զգացողությունների առումով, իհարկե, այս ամենը հեշտ չէ, դու հասկանում ես, որ մարդկանց մի շրջանակի հավակնությունների պատճառով դու պատանդ ես դարձել, այսքան մարդ մահացավ, շատերը մնացել են անօթևան, բայց արի չխոսենք այդ մասին, սակայն կխոսեմ իմ զգացողության մասին: Կյանքն ավելի սարսափելի է դարձել, դա փաստ է»,- կիսվում է մոսկվացի ինժեները։
«Գործողություններում կաշկանդված ես քեզ զգում, շատ առումներով սահմանափակված, բոլորի մոտ անհասկանալի խուճապ է առաջանում, ինչը նույնպես նյարդայնացնում է, բայց քանի որ ես ի դեմս Հայաստանի ունեմ այլընտրանք, մի փոքր հանգիստ եմ»,- ասում է մոսկվացի դիմահարդարը։
Ինչպես երևում է, պահանջարկի առկայության դեպքում առաջարկը միշտ հայտնվում է նույնիսկ սահմանափակումներով, և մարդիկ ժամանակի ընթացքում առաջարկի սահմանափակությանն ընտելանում են։ Նրանք, ովքեր չեն ցանկանում համակերպվել, փնտրում են այլ ապրելավայրեր՝ առանց անցանկալի սահմանափակումների։