Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի մոտ կորոնավիրուսային հիվանդություն է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում են ռուսական տեղեկատվական գործակալությունները, վարչապետն այդ մասին արդեն հայտնել է նախագահ Վլադիմիր Պուտինին տեղի ունեցած տեսակապի ժամանակ։
Միշուստինը նշել է, որ կպահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ Կառավարության ղեկավարի ժամանակավոր պարտականությունների իրականացումը Միշուստինն առաջարկել է հանձնարարել Պուտինի նախկին օգնական, ներկայումս առաջին փոխվարչապետ Անդրեյ Բելոուսովին։ Միաժամանակ, Միշուստինը վստահեցրել է Պուտինին, որ կառավարությունը կշարունակի իր ակտիվ աշխատանքը, իսկ ինքը կլինի կապի մեջ։
Պուտինն իր հերթին Միշուստինին մաղթել է շուտափույթ ապաքինում և նշել, որ համաձայն է Բելոուսովին նշանակել վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարող։ Վլադիմիր Պուտինն արդեն հասցրել է ստորագրել համապատասխան հրամանը։