Վրաստանի որոշ շրջաններում, ինչպես նաև մայրաքաղաքում, օդում նկատվում է կարծր մասնիկների (PM10, PM2.5) պարունակության աճ, ինչը հիմնականում պայմանավորված է անդրսահմանային աղտոտվածությամբ և, ամենայն հավանականությամբ, Կարակում (Կենտրոնական Ասիա) անապատից փոշու զանգվածների տարածվածությամբ: Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության մեջ։

Ինչպես նշվում է Գործակալության տվյալներում՝ պրոցեսների պատճառը պարզում են Շրջակա միջավայրի ազգային գործակալության օդերեւութաբանները՝ տարբեր օդերևութաբանական տվյալների հիման վրա, ինչը որոշակի ժամանակ է պահանջում։

«Հարկ է նշել, որ անդրսահմանային աղտոտվածությունը տարվա որոշակի օրերին գրանցվում է նմանատիպ սինոպտիկ իրավիճակում և օդերևութաբանական երևույթ է։

Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը շարունակում է ավտոմատ կայանների միջոցով մթնոլորտային օդի որակի մշտական մոնիտորինգը։

Յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի օդի որակի պորտալում ծանոթանալ օդի որակի վիճակի մասին տեղեկատվությանը և ստանալ բժշկական առաջարկություններ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։