JNEWS-ը խոսել է նախապատրաստական կուրսի ուսանողների հետ, ովքեր արդեն կես տարի է սովորում են Թբիլիսիի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Պարզելու համար, թե ի՞նչ դժվարություների են հանդիպել ուսանողները մեծ քաղաքում, ի՞նչ պայմաններով են հիմնականում սովորում և աշխատում:
Գայանե Պետրոսյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի վրաց լեզվի նախապատրաստական կուրսում: Ինչպես և շատ այլ ուսանողներ Գայանեն ևս գնալով մեծ քաղաք հանդիպել է բազմաթիվ խնդիրների, որոնք կապված են ինչպես վրացերենի իմացության, այնպես էլ ընդհանուր թանկացումների հետ:
«Սկզբում խնդիր էր բնակարանների և առհասարակ ամեն ինչի շատ բարձր գները. որոնցից ելնելով էլ մտածեցի աշխատելու մասին, որն ինձ միաժամանակ հնարավորություն էր տալիս և թեթևացնել ֆինանսական ծախսերը, և լեզու սովորել: Ընկերուհուս խորհրդով, կես դրույքով աշխատանքի անցա խանութում: Մտածեցի, որ լավ շանս է, վրացերեն շատ բառեր կսովորեմ ու բառապաշարս կավելացնեմ: Խանութում միջավայրը լավն էր, աշխատողները բարեհամբույր ու իմանալով, որ լեզուն լավ չգիտեմ, շատ էին օգնում ինձ», – ասում է մեր զրուցակիցը:
Այսօր Գայանեն ծիծաղով է հիշում խանութում իր հետ կատարված զվարճալի դեպքերը: Օրինակ, թե ինչպես չհասկանալով հաճախորդին ձեթի փոխարեն գինի է վաճառել, իսկ ղազախ զբոսաշրջիկին այծի կաթի փոխարեն՝ կաթնաշոռ:
Լենան ի տարբերություն Գայանեի խանութում աշխատանքի է անցել 12 ժամյա գրաֆիկով, շաբաթական 5 օր: Դժվար է եղել, բայց կարողացել է համատեղել աշխատանքն ու դասերը:
«Մեծ քաղաքում իրականում շատ դժվար է, օտար միջավայր, լեզուն չգիտես, բայց մեծ ցանկության դեպքում ամեն ինչ հաղթահարելի է: Ժամանակի ընթացքում կարողացա հարմարվել ինձ անծանոթ քաղաքին: Պայմանավորված տարբեր հանգամանքներով այստեղ ամեն ինչը շատ թանկ է՝ սկսած բնակարաններից վերջացրած առաջին անհրաժեշտության ապրանքներով: Վրացերեն լավ չգիտեի, դրա համար որոշեցի աշխատել, որը կօգներ՝ և սովորել լեզուն, և կկարողանայի հոգալ իմ ֆինանսական հոգսերը: Շփումն օգնեց ավելի հեշտությամբ յուրացնել վրացերենը: Ինչ վերաբերում է դասերիս, ապա ոչ միշտ, բայց խանգարում էր, միշտ չէ, որ հասցնում էի», – ասում է Լենա Գալստյանը:
Jnews-ը փոքրիկ հարցախույզ է արել ուսանողների շրջանում և պարզել, որ ուսանողների մեծ մասն առաքիչ է աշխատում կամ խանութներում որպես հաշվապահ-խորհրդատու: