Ախալքալաքի մունիցիպալիտետի Խավեթ գյուղի բնակիչներն ասում են, որ իրենց ճանապարհ է հարկավոր Ախալքալաք հասնելու համար, այնուհետև ձգտում են դեպի Եվրոպա: Մունիցիպալիտետի այս հեռավոր գյուղում աթար են վառում, և սպասում են, որ իրենց համար էլ կհոգան:

Խավեթ գյուղում ապրում է շուրջ 55 ընտանիք: Բնակիչների եկամտի հիմնական աղբյուրը գյուղատնտեսությունն է: Այս տարի գյուղացիների խնդիրներն ավելացել են, քանզի նրանք չեն կարողացել մեկնել արտագնա աշխատանքի: Խավեթցիների մեծ մասը խոպան է գնում Ռուսաստան:

Ըստ գյուղացիների՝ գյուղում կան շատ խնդիրներ: Չկան նորմալ ճանապարհներ, մանկապարտեզ, մարզադահլիճ, ամբուլատորիա, գյուղում նույնիսկ բնական գազ չկա: Գյուղում վառարաններում դեռ աթար են վառում:

1

Գյուղացիների խոսքով, իրենք բազմիցս դիմել են պատկան մարմիններին, սակայն անարդյունք:

«Մենք ոչինչ չունենք, իշխանությունները նույնիսկ չգիտեն, որ մունիցիպալիտետում նման գյուղ գոյություն ունի: Նրանց մենք միայն ընտրությունների ժամանակ ենք պետք», – ասում է Լեռնիկ Պետրոսյանը:

Գյուղացիները գանգատվում են, որ իրենք ապրում են 21-րդ դարում, բայց տները տաքացնելու համար վառարաններում աթար և փայտ են վառում: Շատերը նույնիսկ չեն կարողացել վառելափայտ գնել:

4

Գյուղում հասարակական տրանսպորտ չկա: Քաղաք հասնելու և հետ վերադառնալու համար հարկավոր է 50 լարի: Բնակիչների խոսքով՝ տաքսու վարորդներից շատերը նույնիսկ չեն ցանկանում երթեւեկել այս ճանապարհներով, նրանք հաճախ հրաժարվում են:

«Կոմունալ ծառայությունները վճարելու համար մենք պետք է 50 լարի ծախսենք միայն ճանապարհի վրա: Քանի որ գյուղում անգամ վճարման տերմինալ չկա», – ասում է գյուղի բնակիչ Սամվել Պողոսյանը:

3

Գյուղի մեկ այլ բնակիչ Լիպարիտ Պետրոսյանի խոսքով, ինքը չի հիշում, թե երբ են վերջին անգամ վերանորոգել ճանապարհները:

«Ասում են, որ Վրաստանը ցանկանում է մտնել ԵՄ, ինչպե՞ս, կարող եք ինձ բացատրել: Մեզ նախ ճանապարհ է հարկավոր, որ հասնենք Ախալքալաք, իսկ հետո նոր՝ Եվրոպա», – ասում է նա:

Ըստ գյուղացիների՝ իշխանությունները քաջատեղյակ են գյուղի խնդիրների մասին: Բնակիչները ցանկանում են, որ իշխանությունները տարին գոնե մեկ անգամ ուշադրություն դարձնեն իրենց վրա:

2

Բրատիսլավ Իգիթխանյան