ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորավարժության անցկացումն այս իրավիճակում նպատակահարմար չէ:

«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն գրավոր տեղեկացրել է ՀԱՊԿ Միավորված շտաբին, որ այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում Հայաստանում նման զորավարժություն անցկացնելը: Այդ զորավարժությունները, համենայն դեպս, այս տարի չեն կայանա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, որ վերջին շրջանում Ադրբեջանն իր ագրեսիվ գործողություններն արեւմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում բացատրում է հետեւյալ կերպ.

«Ասում են՝ «մենք մտավախություն ունենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ ագրեսիվ գործողություններ են նախապատրաստում Ադրբեջանի նկատմամբ, եւ մենք, այսպես ասած, կանխարգելիչ գործողություններ ենք ձեռնարկում»: Բոլորս գիտենք՝ աբսուրդ է այս մասին խոսելը: Մյուս կողմից, նաեւ Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին այս խոսույթը որոշակի հետաքրքրություն է առաջացնում Արեւմուտքում: Մենք ՌԴ գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք այս փաստի վրա՝ արձանագրելով, որ նրանց չարձագանքելու պայմաններում ստացվում է, որ ՌԴ ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլեւ հակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար»:

Հայաստանում ՀԱՊԿ խաղաղապահ զորամիավորումների «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացման մասին հունվարի սկզբին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը: