Աշխատանքային այցով Վրաստանում է գտնվում Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի և նրա աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեի հետ:
Իրակլի Ղարիբաշվիլին ողջունել է պարոն Հարությունյանի աշխատանքային այցը Վրաստան և բարձր գնահատել հայ-վրացական քաղաքական երկխոսության բարձր մակարդակը:
Նշվել է, որ երկու երկրների փոխհարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով, ինչը լավ հենք է փոխգործակցության հետագա ընդլայնման համար:
Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և Վրաստանի վարչապետին փոխանցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնները: Պարոն Հարությունյանն ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացմամբ ու երկկողմ օրակարգի առաջմղմամբ: