Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտնել է Հայաստանի հանրապետության ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

«Իրապես, թուրքական կողմն մեզ տեղեկացրել է, որ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը վերացվել է: Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր: Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»,- ընդգծել է մամուլի խոսնակը։

Հունվարի 6-ին թուրքական մի շարք լրատվամիջոցներում հրապարակումներ էին տարածվել, որոնցում նշվում է, որ Թուրքիան վերացրել է Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների արգելքը: