Երևանում տեղի է ունեցել «Հայրենիքի փրկության շարժման» նախաձեռնած հերթական «Արժանապատվության երթը»։ Ընդդիմությունը շաբաթ օրը հանրահավաք կանցկացնի, ցուցարարները հայտարարում են, որ երեքշաբթի օրվանից Հայաստանում բողոքի զանգվածային ակցիաների, գործադուլի ու դասադուլի մասին:

Սա վերջին օրերի հերթական երթն է, որը մեկնարկում է քաղաքի տարբեր հատվածներից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ է արել բոլորին միանալ արժանապատվության երթին:

«Դուք չեք կարող անտարբեր լինել նրան, ինչ այսօր կատարվում է մեր երկրում ու մեր երկրի սահմանների շուրջ: Համախմբենք մեր բոլորի ուժերը, քշենք այս դավաճան իշխանությանը, ձևավորենք նոր կառավարություն, որն իր վիճակի կլինի պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները»,- հայտարարել է Սաղաթելյանը:

«Եթե Նիկոլին հեռացնեինք 6 ամիս առաջ պատերազմ չէր լինի։ Եթե Նիկոլին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, պատերազմի ավարտը մեր ժողովրդի և պետության համար լինելու էր հաղթական։ Եթե Նիկոլին հեռացնեինք հեռացնեինք այն ստորացուցիչ պայմանագիրը կնքելու գիշերը, մենք այս անցնող 34 օրվա ընթացքում չէինք ունենա այն կորուստները, որ հիմա ունենք,- ասել է ՀՅԴ ներկայացուցիչը։

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրել է, որ վաղը ժամը 17․00-ին կրկին կմերկնարկի երթ։

«Ուրբաթ երեկո կրկին միջոցառում ունենք, շաբաթ օրը կլինի հանրահավաքը։ Իսկ երեքշաբթի օրը ամբողջ Հայաստանով գործադուլ, դասադուլ և բողոքի զանգվածային ակցիաներ։

Ժամը՝ 12․00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և շրջափակում Կառավարության շենքը, այդ Կառավարությունը մեզ պետք չի»,- հայտարարեց նա։

Երթի մասնակիցները վանկարկում էին՝ «Առանց Նիկոլ Հայաստան»: