Պատժաժամկետը հետաձգելու կամ առողջական պատճառներով Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու հարցով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է դեկտեմբերի 29-ին։ Դատարանը կշարունակի լսել պաշտպանական կողմի վկաներին։

Պաշտպանական կողմն ասում է, որ չի կարողացել հասնել նիստերի միջև ընդմիջումների կրճատմանը:

Փաստաբան Շալվա Խաճապուրիձեն հայտնել է, որ հաշվի առնելով Սաակաշվիլիի վիճակը, դատանիստերը պետք է ամեն օր նշանակվեն։ Դատավորն ի պատասխան դրան ասել է, որ առաջիկա բոլոր օրերն արդեն զբաղված են։

Դատավարությունը սկսվել է անցյալ հինգշաբթի։ Նախկին նախագահը նիստին միացել է հեռակա կարգով, սակայն մասնակցել է միայն նիստի առաջին մասին, իսկ պաշտպանական կողմը հայտարարել է, որ նա վատացել է և բժիշկների օգնության անհրաժեշտություն է առաջացել։

Սաակաշվիլին պնդել է, որ դատավարությանը կխոսի ուկրաիներեն, բանավեճից հետո դատավորը համաձայնել է նիստին հետագայում թարգմանչի մասնակցությանը։

Դատարանը լսել է Սաակաշվիլիի փաստաբանների առաջին վկային՝ ամերիկացի հոգեբույժին։ Էրիկ-Դեյվիդ Գոլդսմիթը հայտնել է, որ նախկին նախագահը կորցնում է հիշողությունը, ունի արագ զարգացող դեմենցիա և հետտրավմատիկ սթրեսային համախտանիշ։ Գոլդսմիթը կարծում է, որ նման ախտորոշմամբ անձը չի կարող բանտում լինել, նրան պետք է տեղափոխել արեւմտյան կլինիկա՝ բուժման նպատակով։

Վրաստանի Քրեակատարողական ծառայությունը Սաակաշվիլիին հարցաքննելու միջնորդություն է ներկայացրել՝ նրա գործողություններում «սիմուլյացիայի նշաններ» հայտնաբերելու նպատակով։ Դատավորը մերժել է միջնորդությունը։

Վերջին շրջանում իշխանության ներկայացուցիչների հայտարարություններում անընդհատ հնչում է Սահակաշվիլիի հնարավոր սիմուլյացիայի թեման։

Որոշ հեռուստաալիքներ ուղիղ եթերով հեռարձակում էին դատավարությունը, իսկ Վրաստանի բնակիչները տեսան ծայրահեղ նիհարած տղամարդու, ով հազիվ էր կարողանում խոսել։

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ դատական ​​նիստը, որին հեռակա միացել է Սաակաշվիլին, օգտագործվել է բոլորին մոլորեցնելու հերթական փորձի նպատակով։

«Այսօր մենք տեսանք ևս մեկ սիմուլյացիա։ Սակայն թվում է, որ սա նույնպես տաղանդ է պահանջում, և դա շատ միջակ սիմուլյացիա էր»,- ասել է Կոբախիձեն։

Նա նաև պնդել է, որ Սաակաշվիլիի աննորմալ արագ նիհարելու պատճառը եղել է «ընտրովի սնունդը» և ավելի վաղ կատարված ստամոքսի վիրահատությունը։

Նյութի աղբյուրը՝ NewsGeorgia