Նախկին թիվ 1 զինվորական ավանում դեկտեմբերի 13-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ Ախալքալաքի ոստիկանական բաժանմունքի աշխատակիցները բերման են ենթարկել մեկ անձի։ Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ 229-րդ հոդվածով: Այս մասին հաղորդում է Վրաստանի ՆԳՆ-ն։
Վրաստանի ՔՕ 229-րդ հոդվածը ենթադրում է. «Պայթուցիկ կամ կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող տարբեր սարքավորումների կամ նյութերի փոխադրում, տեղադրում, կրակում, պայթեցում, որը իրականացվել է մահվան, ծանր մարմնական վնաս պատճառելու, զգալի գույքային վնաս պատճառելու կամ այլ ծանր հետևանքներ առաջացնելու նպատակներով»։ Այս արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով։
Երեկ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 23:00-ի սահմաններում Ախալքալաքի նախկին թիվ 1 զինվորական ավանում, թիվ 500 բնակելի շենքի բնակարաններից մեկում պայթյուն է որոտացել։ Ոչ ոք չի վնասվել: Պայթյունի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։
Պայթյունի ալիքից կոտրվել են բնակարանի պատուհանների ապակիները: Հարեւանների վկայությամբ, այնտեղ բնակվող կնոջ կյանքին վտանգ չի սպառնում, նա թեթեւ վնասվածքներ է ստացել։
Բնակարանը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, վարձակալում է Ինգա Մաիսուրաձեն։ Նա այնտեղ միայնակ է ապրում: Ինգա Մաիսուրաձեն 2021 թվականի ՏԻՄ ընտրություններում «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորի թեկնածու էր։ Մինչ թեկնածու առաջադրվելը նա աշխատել է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնում։
Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝