Վրացի բժիշկների և գիտնականների մի խումբ, որոնք աշխատում են ինչպես Վրաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված համատեղ կոչով են հանդես եկել:
Ուղերձում ասվում է, որ անհատապես ոչ կառավարությունը, ոչ բժիշկները, ոչ գիտնականները, ոչ էլ բնակչությունը չեն կարողանա հաղթահարել համավարակը, մինչև համատեղ ջանքեր չգործադրեն:
«Համավարակը հաղթահարելու միակ միջոցը զանգվածային պատվաստումն ու անհատական պաշտպանությունն է: Պատվաստանյութն անվտանգ է և պաշտպանում է մեզ մահանալուց և ծանր հիվանդության ընթացքից, ինչի մասին վկայում է հոսպիտալացման և մահվան դեպքերի կրճատումը, հաշվի առնելով, որ արդեն առկա է 3,5 միլիարդ պատվաստանյութ: Բոլոր հաստատված պատվաստանյութերը նվազեցնում են հիվանդության ծանր ընթացքը և բոլոր շտամներով վարակվելու դեպքում մահացությունը: Օգտագործեք ներկայումս առկա ցանկացած պատվաստանյութ, որը հաստատված է ԱՄՆ Սննդի և դեղորայքի վարչության, Դեղերի եվրոպական գործակալության և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Այնուամենայնիվ, պետք է հաշվի առնել, որ չինական արտադրության դասական տեխնոլոգիայով պատրաստված պատվաստանյութով պատվաստումից հետո կարելի է օգտագործել նոր տեխնոլոգիայով ստացված պատվաստանյութը որպես «ուժեղացուցիչ (բուստերային) դոզա»: Մենք պատվաստում ենք ոչ միայն մեզ համար, այլ նաև հանուն մեզ հարազատ մարդկանց, և հատկապես երեխաների և նրանց, ովքեր չեն կարող պատվաստվել ինչ-ինչ առողջական պատճառներով», – ասված է ուղերձում:
Բժիշկները նաև նախազգուշացնում են հասարակությանը, որ Covid-19-ի և պատվաստման վերաբերյալ ոչ հուսալի աղբյուրներից ցանկացած տեղեկատվություն ապատեղեկատվություն է:
«Որքան ցածր է պատվաստման մակարդակը, այնքան մեծ է վիրուսի մուտացիայի, նոր շտամերի և կորոնավիրուսի նոր ալիքների առաջացման հավանականությունը, որոնք դեռ շարունակվում են և տեղի կունենան, եթե չկարողանանք նվազեցնել վարակի մակարդակը: Վրաստանում պատվաստման մակարդակը տագնապալիորեն ցածր է, և անհրաժեշտ է անել ամեն ինչ՝ իրավիճակն անհապաղ շտկելու համար: Մենք պատրաստ ենք Ձեզ մանրամասն և գիտականորեն հիմնավորված պատասխաններ տալ Ձեր բոլոր հարցերին», – ասված է բժիշկների համատեղ հայտարարության մեջ: