Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներ են հաճախում սաների միայն 30%-ը, մնացածը հիվանդ են, շատ են նաև դպրոցներից բացակայողները, հաճախ մարդիկ բարդություններով են դիմում բժիշկներին։ Jnews-ը զրուցել է մասնագետների հետ։
Հանրային առողջության կենտրոնը (ՀԱԿ) նշում է, որ Ախալքալաքում շատ հիվանդներ կան, սակայն տարածված վիրուսը կորոնավիրուսը չէ, քանի որ COVID-ի թեստի համար դիմողների մեծ մասը բացասական արդյունք է ունենում։
Մունիցիպալիտետում տարածված են ՍՇՎՎ-ն և ՍՇՎ-ն, բայց շատ դեպքերում դրանք բարդություններ են թողնում բրոնխների և թոքերի վրա:
ՀԱԿ-ի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը հորդորում է չզբաղվել ինքնաբուժությամբ և ժամանակին դիմել բժշկի՝ վարակը բացահայտելու և դրա դեմ պատշաճ կերպով պայքարելու համար։ ՀԱԿ-ը կհայցի դպրոցներին կիրարկել հաճախումների ժամանակացույց՝ վիրուսների տարածումը վերահսկելու համար:
Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցում մի քանի տասնյակ բուժառուներից բաղկացած հերթ է մանկաբույժի աշխատասենյակի մոտ։ Նրանցից ոմանք արդեն ապաքինված պացիենտներն են, որոնք կրկին են վարակվել։
«Ես կխնդրեի նախադպրոցական հաստատություններին խստագույնս վերահսկել, որպեսզի հիվանդ երեխաներին չթողնեն մանկապարտեզ: Այն երեխաները, ովքեր բուժվել են և արդեն ապաքինվել են, բայց նորից վարակվել են, կրկին վերադառնում են մեզ մոտ: Տանը ևս չի կարելի երկար զբաղվել ինքնաբուժությամբ, 20 օր երեխային ինքնուրույն բուժել են տանը, և միայն դրանից հետո բերել են մեզ մոտ թոքաբորբով», – ասում է մանկաբույժ Մարիաննա Համբարձումյանը։
Բժիշկները նշում են, որ այս տարի Վրաստանում սեզոնային վիրուսներով հիվանդացության գագաթնակետը գրանցվել է սովորականից շուտ։ Վերջիններս նաև խորհուրդ են տալիս հետևել անձնական հիգիենային, մեծ քանակությամբ հեղուկ ընդունել, եթե ձեր կամ ուրիշների մոտ վիրուսի ախտանիշներ եք կասկածում, կրե՛ք դիմակ և մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ՝ հիվանդությունը չբարդացնելու նպատակով։