Խորհրդային Միության փլուզումից հետո Վրաստանում փորձեր են արվում բժշկական ծառայությունները պատշաճ կերպով հասանելի դարձնել երկրի բոլոր բնակիչների համար: Բայց, եթե մեծ քաղաքներում ստացվում է, մունիցիպալ կենտրոններում՝ ինչ որ չափով, ապա գյուղերում դեռ չի ստացվում: Գյուղաբնակները մեծ դժվարությամբ են կարողանում բժշկական ծառայություններից օգտվել: Ախալքալաքի գյուղերում դեռ վտանգ կա հիվանդանոց կենդանի չհասնելու, կամ ճանապարհին ծննդաբերելու:
Փոքր Սամսար գյուղն Ախալքալաքից 30 կմ հեռավորության վրա է գտնվում
2022 թվականի մարտի 20-ի լույս 21-ի գիշերը Ախալքալաքի մունիցիպալիտետի հեռավոր Փոքր Սամսար գյուղում առատ ձյան և քամու պատճառով փակվել էին բոլոր ճանապարհները։ Նույն օրը այս գյուղի մի բնակչուհու մոտ սկսվել են ծննդաբերության ցավերը: Հղի կնոջը սովորական մեքենայով հիվանդանոց տեղափոխելն անհնար է եղել: Առաջին կանչի ժամանակ շտապօգնության և փրկարարների խումբն Ախալքալաքից մի քանի կիլոմետր ճանապարհ անցնելով դեպի գյուղ, չի կարողացել շարունակել ճանապարհը և հետ է վերադարձել: Արդեն երկրորդ փորձից շտապօգնությունը հղի կնոջը սպասել է ձորում, իսկ գյուղացիները, բահերով մաքրելով տրակտորի ճանապարհը, մեծ դժվարությամբ կնոջը մոտեցրել են շտապօգնության մեքենային։
Այս թեմայով՝ Սամսարցիները սեփական կյանքը վտանգելով փրկեցին մի նոր կյանք
2022 թվականի մարտի 21, Փոքր Սամսար գյուղից ծննդաբերող կնոջը տեղափոխում են ձնաբքի պայմաններում
Փոքր Սամսար գյուղում բժիշկ չկա, որը կկարողանար առաջին բժշկական օգնություն ցուցաբերել, իսկ բուժքույրը ձնաբքի պատճառով հարևան՝ Մեծ Սամսար գյուղից չի կարողացել տեղ հասնել:
Ջավախքում նմանօրինակ իրավիճակներն անցյալում չեն մնացել: Այս վայրերում ձմեռը շատ խիստ է: Երբեմն առատ ձյունն ու ուժեղ քամին ջրի երես են հանում այնպիսի խնդիրներ, որոնց տեղացիները սովոր են և սովորական պայմաններում գիտեն՝ ինչպես հաղթահարել դրանք:
Վրաստանի բժշկական ծառայությունների համակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր բնակչի պետք է ապահովի տարածքային բժշկով, որին, եթե նա չի կարողանում բուժել, ապա ուղեգիր է գրում: Սակայն հազվադեպ է պատահում այնպես, որ գյուղացին տեղում ուղեգիր է ստանում գյուղական բժշկից և գիտի, թե հետո ո՞ւր է գնալու:
Ախալքալաքի մունիցիպալիտետում 64 գյուղ կա, որից 16-ն ունի ամբուլատորիա: Իսկ 16-ից միայն 5-ն է, որ քիչ թե շատ նորմալ վիճակում է, բայց նույնիսկ այս 5 ամբուլատորիաները ջեռուցում չունեն, ինչն անհնար է դարձնում ձմռանը դրանց օգտագործումը:
Մունիցիպալիտետում աշխատում է 23 գյուղական բժիշկ և 44 բուժքույր։ Բուժքրոջ աշխատավարձը 750 լարի է։ Յուրաքանչյուր բուժքույր շատ հաճախ սպասարկում է 2-3 գյուղի:
Հաշվի առնելով բուժկետերի և բուժքույրերի քանակը՝ պարզ է դառնում, որ ոչ բոլորն են ապահովված աշխատավայրով, շատերի համար աշխատավայրն իրենց տունն է։ Բացի այդ, բուժքույրերի համար խնդիր է գյուղից գյուղ տեղաշարժվելը։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում գրեթե յուրաքանչյուր բուժքրոջ պրակտիկայում եղել է դեպք, երբ ձյան պատճառով մնացել է ճանապարհին։ Մանե Սարուխանյանը բուժքույր է աշխատում Ալաստան և Կոկիո գյուղերում։ Ինքը՝ Ալաստանից է։ Նա ժամանակին սպասարկում էր նաև Վարևան գյուղին, բայց այնտեղ նոր բուժքույր է նշանակվել։
«Այս կողմում հաճախ է պատահում, որ առատ ձյուն է տեղում և ճանապարհները փակվում են։ Երբ բուժքույրի կարիք կա, մարդիկ իրենց նիվաներով, տրակտորներով, ինչով կարողանում գալիս են իմ հետևից։ Ինչ-որ կերպ հնարավորություն են ստեղծում հասնելու Կոկիո: Շատ հաճախ փոթորիկի ժամանակ ես մնում էի ճանապարհին։ Կոկիոյում ամբուլատորիա չկա, իսկ Ալաստանինը լավ վիճակում է», – ասում է Մանե Սարուխանյանը՝ հավելելով, որ Կոկիոյում ամբուլատորիա չունենալու պատճառով ստիպված է տնետուն անցնել, դրա համար էլ պատվաստումներն ամռանն է անում, քանի որ այդ ժամանակ անհամեմատ ավելի է հեշտանում իր աշխատանքը:
Ախալքալաքի Հանրային առողջության կենտրոնը հսկողություն է իրականացնում ամբուլատորիաներում մինչև դրանք կհանձնվեն «Վրաստանի բժշկական հոլդինգի» տնօրինությանը: Այս կենտրոնի տնօրենի խոսքով, ամբուլատորիաների բացակայությունը բարդացնում է ինչպես բուժքույրերի, այնպես էլ տարածքային բժիշկների աշխատանքը։ Բժիշկների պարտականությունն է խորհրդատվություն տրամադրել իրենց տարածքի բնակչությանը և անհրաժեշտության դեպքում ուղեգիր տալ այլ բժշկական հաստատություններում բուժումը շարունակելու համար: Սակայն գյուղական վայրերում նման մակարդակի աշխատանք կազմակերպելն անիրատեսական է, քանի որ 64 գյուղ կա և 23 տարածքային բժիշկ, որոնք, հիմնականում նաև աշխատում են Ախալքալաքի հիվանդանոցում և ֆիզիկապես չեն կարողանում անընդհատ գյուղում գտնվել:
«Ինչ կառուցվել է, փոխանցվել է հոլդինգին։ Կան վայրեր, որտեղ ընդհանրապես ամբուլատորիաներ չկան: Պատվաստումների ժամանակ տարածքային բժիշկները պարտավոր են տեղում լինել, սակայն բժիշկներն ասում են, որ աշխատելու տեղ չունեն։ Եվ իսկապես դա այդպես է, տեղ չկա: Ամեն ամիս գյուղերում մոնիթորինգ ենք իրականացնում։ Ստիպված ենք ամբողջ անձնակազմով լինել բուժքույրերի տներում, որովհետև փաստաթղթերը պետք է ստուգենք։ Այդ գործընթացը շատ ժամանակ է պահանջում և ընդհանուր առմամբ շատ անհարմար իրավիճակ է ստեղծվում, բայց ինչ անենք: Առանց այն էլ քիչ բժիշկներ ունենք, որոնք պատվաստումից պատվաստում են գյուղեր գնում, շաբաթը մեկ-երկու անգամ, ինչքան հասցնում են, հետազոտում են մարդկանց», – ասում է Հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը:
Մաջադիա գյուղի երեխաները
Գյուղ Մաջադիան քաղաքին մոտ է, 9 կմ հեռավորության վրա է գտնվում: Բայց ձմռանը գյուղ տանող ճանապարհը հաճախ է դժվարանցանելի դառնում: 2020 թվականին կորոնավիրուսից մահացել է տարածքային բժիշկը, գյուղը երկու տարի բժիշկ չի ունեցել, վերջերս են նշանակել:
Այս տնակի մի մասում Մաջադիա գյուղի ամբուլատորիան է
Ֆիննական ոճի փայտե տնակ: Պատուհանից դուրս է ցցված վառարանից դուրս եկող թիթեղյա մի խողովակ։ Տնակը 3 սենյակ ունի, մեկը օգտագործվում է որպես ամբուլատորիա: Մեկ այլ սենյակում, որի հատակը բետոնապատված էր, մարդիկ են ապրել, ովքեր տեղացիների խոսքերով գնալու տեղ չեն ունեցել։ Հիմա ամբողջ տնակը դատարկ է։
Ամբուլատորիան մեր այցելության ժամանակ փակ էր: Պատուհանից ներս երևում են թախտն ու սեղանը, որի վրա ինչ որ դեղեր են:
Բուժքույրը սարքավորումները տանն է պահում, քանի որ դրանք թանկարժեք են և նման պայմաններում չի կարելի թողնել
Դուռը կողպեքով փակ է, Մաջադիա գյուղի բնակիչների խոսքով՝ այս սենյակում անհնար է երկար մնալ, փչում է բոլոր ճեղքերից։ Եվ չնայած նրան, որ այստեղ սովորաբար պատվաստումներ են իրականացվում, ձմռանը փորձում են հաճախ չօգտվել այս ամբուլատորիայից, իսկ երբ անհրաժեշտ է, վառարանը լավ տաքացնում են, որպեսզի «Աստված չանի, որ երեխաները, ովքեր պետք է պատվաստվեն, հիվանդանան»:
Մենք գյուղում երկու կանանց հետ զրուցեցինք ամբուլատորիայի և բժշկակական ծառայությունների վերաբերյալ, ովքեր չցանկացան ներկայանալ:
«Բուժքրոջ տունը գյուղի սկզբնամասում է։ Իհարկե, այստեղ մարդիկ են ապրում, ինչպե՞ս կարող է լինել, որ մարդիկ ապրեն ու բժշկական օգնության կարիք չունենան։ Սա միայն անունով է բուժկետ, տնակ է։ Նախկինում սա էլ չունեինք, շատ երեխաներ պատվաստված չէին, հիմա թեկուզ այս պայմաններում, բայց պատվաստում են»,- ասում է գյուղի բնակիչներից մեկը:
«Մենք բուժկետ ունենք, ինչ-որ անհարմար բան: Նախօրոք վառարանը տաքացնում են, որ հանկարծ երեխաները չհիվանդանան, ամեն տեղից փչում է։ Նախկինում ընդհանրապես որևէ չկար, հիմա գոնե գյուղում հնարավոր է երեխաներին պատվաստել, նախօրեին (խմբ. 2023թ. հունվարի վերջին օրերին) երեխաներին պատվաստել են»,- ասում է մեկ այլ բնակիչ:
Կարմիր խաչի բժիշկները Կարտիկամում պացիենտին են ստուգում, 2022 թվականի հոկտեմբերի 30
Կարտիկամում, և ևս մի քանի գյուղում, անցյալ տարի Կարմիր խաչը նախաձեռնել էր հիվանդների բուժզննում Թբիլիսիից եկած մասնագետների կողմից: Բժիշկները դժգոհ էին ամբուլատորիայի վիճակից: Կարտիկամում նրանք ստիպված էին տաք բաճկոններով հետազոտել մարդկանց, քանի որ շենքում ցուրտ էր՝ չնայած նրան, որ գյուղացիները էլեկտրական տաքացուցիչներ էին միացրել:
Նման իրավիճակ էր նաև COVID-19-ի դեմ «Պատվաստումների մարաթոնի» ժամանակ, երբ բժիշկների հատուկ շարժական խմբերը շրջում էին գյուղերով՝ խթանելով պատվաստումը և տեղում պատվաստում էին ցանկացողներին, այսինքն՝ գյուղերի բուժկետերում։ Դիլիսկա գյուղում սարսափելի պայմանների պատճառով ոչ ոք չի պատվաստվել, այդ մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) արդեն նախկին ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
2019 թվականին Վրաստանի կառավարությունը նախաձեռնել է հատուկ ծրագիր, որի շրջանակներում մարզերում կառուցվել են ամբուլատորիաներ և շտապ օգնության կենտրոններ։ Ախալքալաքի մունիցիպալիտետում 610.000 լարի է ծախսվել 4 ամբուլատորիաների կառուցման և 6-ի վերանորոգման վրա։ Նոր կառուցված ամբուլատորիաների թվում է Կարտիկամ գյուղինը, որտեղ հիվանդները հետազոտվում էին բաճկոններով, իսկ վերանորոգվածներից, օրինակ, Ալաստան գյուղի ամբուլատորիան ձմռանն օգտագործվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Մնացած 6 ամբուլատորիաները, որոնք առկա են քաղաքապետարանում, հիմնականում անմխիթար վիճակում են և չեն օգտագործվում։
Սահակաշվիլիի իշխանության օրոք Վրաստանը խորհրդանշական 1 լարիով պետական գույքի սեփականաշնորհման քաղաքականություն էր վարում՝ գործունեության կոնկրետ ոլորտում ներդրումներ կատարելու պայմանով։ 2010-2011 թվականներին այս քաղաքականությունը կիրառվել է պետական հիվանդանոցների և բուժհաստատությունների նկատմամբ: Մի մասը մասնավորեցվել է սիմվոլիկ գումարով, մի մասը վաճառվել զգալի գումարի դիմաց։ Սակայն գործընթացն այդ ժամանակ գյուղերի բուժկետեր չհասավ: Հիմա հերթը նաև դրանց: Ամբուլատորիաները փոխանցվում են «Վրաստանի բժշկական հոլդինգին», որը հաշվետու է Վրաստանի օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությանը։ Այն գյուղերում, որտեղ ամբուլատորիաներ չկան, հողատարածքներ են հատկացվում, որպեսզի բուժկետեր կառուցվեն։
Սակայն, թե կոնկրետ ինչպես է հոլդինգը տնօրինելու այս ամբուլատորիաները, ինչ ժամկետներով են փոխանցվելու այդ բուժկետերը, կադրային ինչ քաղաքականություն են պատրաստվում վարել, և շատ այլ հարցերի պատասխանները դեռ անհայտ են։ Georgia Medical Holding-ը դեռ չի պատասխանել մեր հարցերին։ Սակայն կազմակերպության կանոնադրության մեջ «Հոլդինգի աշխատանք» բաժնում նշված է.
«Կազմակերպությունը, որպես բժշկական հաստատություն, իրավասու է գործունեություն ծավալել հետևյալ ոլորտներում. բժշկական գործունեություն՝ գործող օրենսդրությամբ նախատեսված օրենքի շրջանակներում բնակչությանը շտապ և պլանային օգնություն ցուցաբերել, հետազոտական գործունեություն, բժշկական կրթություն (բակալավրիատ, հետբուհական և շարունակական մասնագիտական զարգացում), դեղագործական գործունեություն»,- ասվում է կանոնադրության մեջ։
Կարծես թե հնարավորություն կա բուժօգնություն ստանալու՝ նախ շտապօգնությունից, ապա Ախալքալաքի ուղեգրային հիվանդանոցում, անհրաժեշտության դեպքում նաև Վրաստանի տարբեր կլինիկաներում, սակայն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, ոչ պակաս կարևոր է առաջին անհետաձգելի բուժօգնության և բժշկական ծառայությունների հասանելիությունը գյուղական վայրերում: