Վերջերս Ixodidae ընտանիքին պատկանող տզի խայթոցների դեպքերն էլ ավելի են շատացել ինչպես Ախալքալաքում, այնպես էլ ողջ Սամցխե-Ջավախքում: Ախալքալաքում նույնիսկ գրանցվել է խայթոցից մահվան ելք: Ինչպես պաշտպանվել, ինչպես հայտնաբերել և ինչ անել:

Տզի խայթոցից վարակվելուց, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի (Febris haemorrhagica crimiana) վիրուսից, Ախալքալաքում, 2020 թվականի ապրիլին 23-ամյա երիտասարդ տղա էր մահացել: Մայիսին Ադիգենի մի բնակիչ բուժվել էր նույն վարակից: Անցյալ տարվա վերջին՝ 2019-ին, Ասպինձայում, մեկ այլ երիտասարդ մահացել էր տզի խայթոցից:

2018-ին Սամցխե-Ջավախքում գրանցվել է Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդի վիրուսի 7 դեպք, 2019-ին` 2, իսկ 2020-ի 5 ամիսների ընթացքում` 2 դեպք, մեկը՝ մահացու ելքով:

Այսօր գիտությանը հայտնի են ավելի քան 48 հազար տեսակի տզեր: Դրանց մեծամասնությունը չեն ուսումնասիրվել, և ամեն տարի գիտնականները բացահայտում են նորանոր խմբեր:

Ախալքալաքի մունիցիպալիտետում տարածված են իքսոդես տզերը: Նրանք ապրում են անտառներում և այնտեղ, որտեղ կան շատ ծառեր, սիրում են խոնավություն և հաճախ ապրում են կենդանիների մաշկի վրա: Հիվանդությունը, որը մարդուն փոխանցվում է տզերի խայթոցի միջոցով, կոչվում է Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդ և համարվում է վիրուսային հիվանդություն: Հիվանդությունը փոխանցվում է տզի կծելու, բժշկական միջամտությունների հետևանքով, հիվանդի արյան կամ արյունային արտազատուկների հետ շփվելիս, մանր և խոշոր եղջերավոր կենդանիների մորթի ժամանակ, նապաստակների և այլ կենդանիների մորթու ստացման և մսի մշակման ժամանակ: Հարուցչի բնական օջախներ են կրծողները, գյուղատնտեսական կենդանիները, թռչունները, վայրի կաթնասունները, ինչպես նաև տզերը, որոնք հիվանդությունը փոխանցում են սերնդեսերունդ, այսինքն՝ համարվում են վարակի պահոցներ ամբողջ կյանքի ընթացքում:

Անցած երկու ամիսների ընթացքում Ախալքալաքի մունիցիպալիտետում ավելի հաճախակի են դարձել իքսոդես տզերի խայթոցների դեպքերը, սակայն շրջանային հիվանդանոցում իքսոդես տզերի խայթոցի կասկածանքով ընդամենը երեք դեպք է գրանցված: Օլավեր և Կոթելիա գյուղերի բնակիչների դեպքում վիրուսը չի հաստատվել, իսկ Գոգաշեն գյուղի 23-ամյա երիտասարդ բնակչի դեպքում տզի խայթոցը դարձել է ճակատագրական: Երիտասարդի կյանքը չի հաջողվել փրկել արյան վարակումից:

Հարկ է նշել, որ շատերը տզի խայթոցից հետո չեն դիմում հիվանդանոց:

Ախալքալաքի շրջանային հիվանդանոցի համաճարակաբան Գայանե Ֆիդանյանը նշում է, որ վերջին տարիներին շրջանում ավելի են շատացել միջատների խայթոցների դեպքերը, բայց և հավելում է, որ մեզ մոտ իքսոդես տզեր միշտ եղել են:

«Բնակչությունն այժմ ավելի տեղեկացված է, իսկ երբ շատ բան գիտես, ապա վախն ավելի շատ է: Հիվանդությունը բուժվում է, եթե ժամանակին դիմեն բժշկին: Վիրուսը տարածվում է արյան մեջ և փոխում է այն», – ասում է Գայանե Ֆիդանյանը:

Բժիշկը խորհուրդ է տալիս, տիզը կծելու դեպքում ինքնուրույն չփորձել այն մաշկի տակից հեռացնել:

«Անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկին, այն ինքնուրույն հեռացնելու դեպքում, թաթերը կարող են մնալ, նրա արյունը խառնվում է մարդու արյան հետ, և բոլոր վիրուսներն արդեն նրա արյան մեջ են մնում: Խայթոցը կարող է մահաբեր լինել, եթե ժամանակին չբուժվի: Նույնիսկ եթե տիզը հեռացվել է, այդ դեպքում էլ հարուցիչը ներթափացում է օրգանիզմ: Պետք է ուշադիր լինել, բարձր ջերմության դեպքում անհապաղ դիմել բժշկին», – ասում է համաճարակաբանը:

Գաղտնի (ինկուբացիոն) շրջանը 2-14 օր է: Կասկածի առկայության դեպքում և, ընդհանրապես, տզի խայթոցի դեպքում, գաղտնի շրջանից հետո անհրաժեշտ է կատարել լաբորատոր բակտերիոլոգիական անալիզ, քանի որ այն անմիջապես ցույց չի տալիս հարուցչի առկայությունը: Ցավոք, նման մանրէաբանական անալիզ Ախալքալաքի շրջանային հիվանդանոցում չի իրականացվում: Մարդիկ պետք է գնան կամ Ախալցիխե կամ Թբիլիսի:

Հիմնական ախտանիշներն են

Նախանշանային շրջանը բացակայում է: Հիվանդությունը զարգանում է սուր: Առաջին փուլում ջերմությունը բարձրանում է և շատ կարճ ժամանակահատվածում հասնում 39-40 C-ի: Սկսվում է գլխացավ, դող, երբեմն նկատվում է դեմքի և լորձաթաղանթների ուժեղ կարմրություն: Առաջանում են ընդհանուր վիրուսային ինտոքսիկացիայի երևույթներ՝ թուլություն, մկանացավ, հոդացավ, փսխում, սրտխառնոց: Տենդից 2-4 օր հետո կարող է սկսվել արյունահոսություն: Հիվանդի վիճակը կտրուկ վատանում է: Մաշկի և լորձաթաղանթների վրա առաջանում են արյունազեղումներ՝ ցանի, բծերի, հեմատոմաների տեսքով: Ցանը սկզբում պետեխիալ է, այդ ժամանակ առաջանում է ըմպանի լորձաթաղանթի էնանթեմա, մաշկի վրա կարող են առաջանալ արյունազեղումներ: Հիվանդությունը տևում է 10-12 օր, բայց հիվանդների խիստ հյուծվածությունը պահպանվում է 1-2 ամիս: Երբեմն երկրորդ փուլն արտահայտված չի լինում, և հիվանդությունը չի հայտնաբերվում, քանի որ սկզբնական շրջանը բնորոշվում է գրիպանման երևույթներով: Որպես բարդություն նկատվում են սեպսիս, թոքերի այտուց, օջախային թոքաբորբ, երիկամային սուր անբավարարություն, ականջաբորբ, թրոմբոֆլեբիտ:

Պետք է զգույշ լինել և ինքնաբուժությամբ չզբաղվել: Գայանե Ֆիդանյանը խորհուրդ է տալիս անտառ գնալիս այնպես հագնվել, որպեսզի մարմինը փակ լինի, շալվարի վրայից հագնել գուլպաներ, կրել գլխարկ կամ կնգուղ, տուն վերադառնալիս հանել հագուստը և թափ տալ այն, քանի որ տզերը սիրում են հագուստին կպչել:

Վիրուսային վարակով վարակումը կարող է տեղի ունենալ առանց անտառ և քաղաքից դուրս զբոսանքների գնալու: Տիզը տուն կարելի է բերել ծաղիկների, ճյուղերի և կենդանիների բրդի հետ միասին:

Տիզը վարակում է ոչ միայն մարդկանց, այլև վայրի և տնային կենդանիներին, թռչուններին: Բարձր ռիսկային խմբում են շները, որոնք առավելագույն հավանականություն ունեն զբոսանքի ժամանակ տզոտել, ինչպես նաև կովերը:

Հարուցչի բնական օջախը նաև տզերն են, որոնք հիվանդությունը փոխանցում են սերնդեսերունդ, այսինքն՝ համարվում են հիվանդության կրողներ ամբողջ կյանքի ընթացքում: