Հիմա Վրաստանում տարբեր վիրուսներ են տարածված, որոնք հնարավոր է բարդություններ առաջացնեն տարբեր տարիքային խմբի մարդկանց շրջանում։ Արդեն սկսվում է նաև սեզոնային գրիպի տարածումը, դրան զուգահեռ հոկտեմբերին երկրում առկա կլինի գրիպի դեմ պատվաստանյութը։ Ի՞նչ վիրուսներ կան տարածված, որո՞նք են ամենասուր վիրուսների տեսակները, և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ, այս և այլ հարցերի շուրջ խոսել ենք Վրաստանի ՄԱԿ-ի ասոցիացիայի հանրային առողջապահական ծրագրերի համակարգող Զուրաբ Ալխանիշվիլիի հետ։
—Ինչպիսի՞ վիրուսներ են հիմա տարածված երկրում և ինչպե՞ս պայքարել դրանց դեմ
Սկսենք այն բանից, որ մոտենում է սեզոնը շնչառական, այսինքն` վերին շնչառական ուղիների բորբոքային հիվանդությունների տարածման։ Համապատասխանաբար, պետք է պատրաստ լինենք վարակային հիվանդությունների ավելացմանը։ Առաջին հերթին ինչին պետք է ուշադրություն դարձնենք, դա այն է, որ կորոնավարակը դեռ գոյություն ունի: Բայց նշենք, որ հիմա ծանր դեպքեր չեն գրանցվում։ Այսօրվա դրությամբ կորոնավարակը տարբերել այլ շնչառական վիրուսային հիվանդություններից դժվար է, քանի որ ախտանիշները գրեթե նույնն են՝ հնարավոր է մարմնի ջերմաստիճանի բարձրացում, հարբուխ, հազ և այլն։
Շրջանառվում է նաև ջրծաղիկը, որը չենք կարող վերագրել սեզոնին։ Ջրծաղիկը շատ հեշտ տարածվող վարակ է, առավել ևս, երբ արդեն բացվում են ուսումնական հաստատությունները, երեխաների շփումն ավելի շատ է միմյանց հետ։ Ջրծաղիկը կարող է մի քանի տարի բուռն տարածվել, այնուհետև մի քանի տարի չունենա այդպիսի տարածում։ Այս դեպքում ծնողները պետք է զգույշ լինեն, որ եթե նկատում են երեխայի վրա ցան, ապա անպայման դիմեն մասնագետի։ Իհարկե, այդ դեպքում պետք է հատուկ խնամք։ Հատուկ բուժում չկա, հնարավոր է միայն բժիշկը պարզապես քորի դեմ ինչ որ դեղամիջոց նշանակի։ Հազվադեպ է ջրծաղիկի ժամանակ բարդություն լինում։
Տարածված է ևս մեկ հիվանդություն՝ կապույտ հազ։ Այն տարածված հիվանդություն է, և մարդիկ պետք է որ արդեն իմունիտետ ունենան ձևավորված այս հիվանդության նկատմամբ։ Պետք է անպայման դիմել մասնագետի և խորհրդատվություն ստանան։
Սկսվում է սովորական գրիպի սեզոնը։ Մեկնարկել է ուսումնական տարին, բոլորը վերադարձել են փակ տարածքներ՝ դասասենյակներ, օդի ջերմաստիճանը նվազում է, և այդ պատճառով հնարավոր է, որ ունենանք վիրուսի լայն տարածում, ինչպես անցած տարի։ Գրիպի համար մեզ իրոք պետք է նախապատրաստվել, քանի որ մենք ունենք կանխարգելիչ միջոցներ և անպայման պետք է օգտագործենք։ Պետք է շատ զգուշանանք երեխաների համար, քանի որ սեզոնային գրիպը մեկ, երկու տարեկան երեխաների դեպքում հնարավոր է բարդություններ առաջացնի, օրինակ՝ թոքերի բորբոքում և այլն։ Փոքրերին գրիպի կարելի է պատվաստել 6 տարեկանից։ Ցանկալի է, որ երեխաները պատվաստվեն, ինչպես նաև պատվաստվեն այն մարդիկ, ովքեր երեխաների շրջապատում են, որպեսզի պաշտպանենք երեխաներին։ Ինչպես նաև ռիսկային գոտում են այն մարդիկ, ովքեր ունեն առողջության հետ կապված խնդիրներ, կամ քրոնիկ հիվանդություններ, ինչպես նաև տարեցները։ Մոտավոր հոկտեմբեր ամսին կլինի ծրագրային պատվաստանյութը, որն արդեն Հիվանդությունների ազգային կենտրոնը կփոխանցի առողջապահական կենտրոններին։ Այն անվճար է։
– Ի՞նչ կասեք կարմրուկի մասին
Կարմրուկը սուր ինֆեկցիոն, վարակիչ հիվանդություն է, որն ամենաշատ տարածվող հիվանդությունն է։ Շատ կարևոր է, որ կարմրուկի դիմաց բոլորը լինեն պատվաստված։ Մենք կարմրուկի դեմ պատվաստանյութը օրացույցային ունենք, ըստ կարգի իմուտետ պետք է լինի հասարակության մեջ, բայց երբ սկսում է նվազել պլանային պատվաստումներին դիմողների քանակը, այդ ժամանակ էլ սկսվում է կարմրուկի վայրկյանական “պայթյունը”։ Կարմրուկի կանխարգելումն իրականում հնարավոր է, եթե մարդիկ պատվաստվեն։ Կարմրուկը հեշտ ու թեթև վարակ չէ, ինչպես մեր հասարակությունն է մտածում։ Շատ վտանգավոր փորձեր կան, օրինակ, եթե ինչ-որ մեկը կարմրուկ ունի արդեն և մյուս երեխաներին էլ այդ երեխայի մոտ են տանում, որպեսզի հիվանդանա, այն մտքով, որ եթե երեխան դեռ փոքր է ավելի հեշտ կտանի հիվանդությունը: Սա փաստացի չարդարացված մոտեցում է, քանի որ ոչ ոք չգիտի, թե տվյալ մարդը հիվանդությունը թեթև կտանի, թե՞ բարդություններ կլինեն։ Համապատասխանաբար գնալ այդպիսի ռիսկի՝ չարժե։ Ինչպես նաև կարմրուկն ունի մեկ վատ կողմ ևս, որ բավականին երկար ժամանակ հետո, 10-15 տարի անց այն կարող է դառնալ այլ բարդությունների հետևանք, որոնք անգամ բուժելն անհնար կլինի։ Յուրաքանչյուր անձ պետք է իմանա, որ կարմրուկի դեմ պետք է պատվաստվի։ Նշեմ նաև, որ եթե ժամանակին տարբեր պատճառներով օրացույցային պատվաստումը չի կատարվել, ապա հիմա նույնպես ուշ չէ, կարող են դիմել և վերականգնել օրացույցը։ Մեր օրացույցը կազմված է ըստ երկրի համաճարակաբանական իրավիճակի։
– Պլանային պատվաստումը պարտադի՞ր է
Ես խորհուրդ եմ տալիս յուրաքանչյուրին, ով բաց է թողել պլանային պատվաստումը կարմրուկի դեմ, անպայման վերականգնի։ Մեզանից յուրաքանչյուրը պետք է մտածի այն մասին, որ պատվաստումը չի վերաբերվում միայն իր անձին, այն անհատական որոշման հարց չէ։ Երբ մենք պատվաստում ենք, դա մեր պատասխանատվությունն է հասարակության առաջ, քանի որ մենք դրանով պաշտպանում ենք ոչ միայն մեզ, այլև հասարակության մյուս անդամներին։ Այս բարձր պատասխանատվությամբ էլ հասարակությունում և երկրում կսահմանենք իմունիտետ և նվազագույնը կնվազեցնենք այս ինֆեկցիոն վարակի տարածումը։ Մենք պետք է իմանանք մի բան, որ մեր շուրջ գոյություն ունեն բազում հիվանդություններ, իսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ընդամենը 25 հիվանդության դեմ ավտորիզացված պատվաստանյութ ունի։ Այսինքն՝ այն պատկերացումը, որ գոյություն ունեն բազում պատվաստանյութեր, այդպես չէ։ Եվ պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ այն հիվանդությունները, որոնք այսօր չկան, տարիներ առաջ այդ հիվանդություններից ամեն օր տասնյակ մարդիկ են մահացել։ Այդ պատճառով ես հորդորում եմ բոլորին, որ պատվաստվեն՝ ինչպես իրենց, այնպես էլ շրջապատի համար։