Հայաստանն ու Հունգարիան պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնել լիարժեք դիվանագիտական հարաբերությունները:
Այդ մասին ասվում է երկու երկրների արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարության մեջ, գրում է Մեդիամաքս գործակալությունը:
«Դեկտեմբերի 1-ին Լոձում ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի եւ Հունգարիայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Պետեր Սիյարտոյի հանդիպումը։
Կողմերը արձանագրել են հայ ու հունգարացի ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող պատմամշակութային խորը կապերը եւ ընդհանուր քրիստոնեական ժառանգությունը, եւ ընդգծել Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ հարաբերությունների բարելավման կարեւորությունը։ Զրուցակիցները նաեւ ընդգծել են պաշտոնապես որպես ազգային փոքրամասնություն ճանաչված Հունգարիայի հայ համայնքի դերը, որը հանդիսանում է երկու երկրները կապող կամուրջներից մեկը։
Նախարարները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Հունգարիայի հարաբերությունների ներկա փուլի վերաբերյալ: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել վերականգնելու լիարժեք դիվանագիտական հարաբերությունները՝ մտադրություն հայտնելով նոր էջ բացել հայ-հունգարական հարաբերություններում՝ հիմնված փոխադարձ վստահության եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի վրա։
Ի շարունակություն հանդիպման՝ երկու կառավարությունները ոչ ռեզիդենտ դեսպաններ կնշանակեն՝ ուսումնասիրելու հարաբերությունների զարգացման հնարավորությունները, հատկապես առեւտրի, մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության ոլորտներում։ Առաջիկա օրերին կմեկնարկեն անհրաժեշտ դիվանագիտական եւ վարչական ընթացակարգերը», – ասված է հայտարարության մեջ:
Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցրել էր 2012 թվականի օգոստոսին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց 2004 թվականին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին, որին Բաքվում անմիջապես ներում շնորհվեց: