Սեդա Գիգոլյանը Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղից է։ Ավարտել է Թբիլիսիի Իլիաի պետական համալսարանը։ Ներկայումս պրակտիկա է անցնում ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին հանրային տեղեկատվության ծառայությունում։ Ակտիվ քաղաքացի է, մասնակցում է տարբեր նախագծերի: Բոլորովին վերջերս մասնակցելով GIPA LAB նախագծին, իր նկարահանած վավերագրական ֆիլմը GIPA DocU կինոփառատոնի ժամանակ զբաղեցրել է առաջին հորիզոնական:
Սեդան հինգ տարի առաջ ընդունվել է Իլիայի պետական համալսարանի գիտության և արվեստի ֆակուլտետ, իր և իր ընտանիքի անդամների խորհրդով ու որոշմամբ։ Որոշել է մնալ այստեղ, սովորել, հաղթահարել բոլոր դժվարությունները, քանի որ իր ապագան այստեղ է տեսնում Վրաստանում՝ կարևորելով պետական լեզվի իմացությունը:
«Երբ ընդունվեցի, ընդհանրապես չէի տիրապետում պետական լեզվին, իմ ուսանողական կյանքը հեշտ չի եղել: Վրաց լեզվի իմացությունս բավարարելու համար շատ էի շփվում վրաց ուսանողների հետ, որ արագ սովորեմ լեզուն և հաղթահարեմ դեմս ծառացած դժվարությունները»:
Սեդա Գիգոլյանը հիմա արդեն տիրապետում է պետական լեզվին, մասնագիտություն ունի, ակտիվ քաղաքացի է, սակայն դեռ չի որոշել, հետ կգա հայրենի գյուղ, թե կմնա Թբիլիսում։
«Դեռ հստակ որոշում չեմ կայացրել, կմնամ Թբիլիսիում, թե հետ կգամ Ջավախք՝ Խուլգումո։ Ներկա դրությամբ ապրում եմ Թբիլիսիում, քանի որ «1+4» ծրագրով պրակտիկա եմ սկսել ՆԱՏՕ-ի և Եվրամիության մասին հանրային տեղեկատվության ծառայությունում։ Բայց, եթե հետ վերադառնամ, ուզում եմ աշխատել Ախալքալաքի Սակրեբուլոյում։ Քանի որ իմ ապագան ես տեսնում եմ Վրաստանում, դրա համար էլ որոշեցի այստեղ սովորել: Իմ ապագան պատկերացնում եմ միայն Վրաստանում»:
Սեդան ցանկանում է իր անցած ուղու մասին պատմել, քանի որ դա, ըստ իրեն՝ կարող է ստիմուլ հանդիսանալ ուրիշների համար:
«Այսօր շատ կուզեմ, որ իմ դժվարությունների մասին իմանան շատ ուսանողներ, գուցե դա իրենց ուժ տա պայքարելու։ Ես վստահում էի իմ ուժերին, քանի որ երբ մարդ ցանկանում է հասնել իր երազանքներին, միշտ առաջ է նայում և պայքարում։ Իմ պայքարի, աշխատասիրության շնորհիվ ստացա բակալավրի կոչում, միջազգային հարբերությունների ֆակուլտետում»։
Սեդան ընտրել է դիվանագետի մասնագիտությունը։ Իրեն տեսնում է քաղաքականությունում:
«Որոշեցի հենց այս ոլորտում զարգանալ և ծավալել իմ հետագա գործունեությունը։ Այն բավականին մեծ ոլորտ է, որը ինձ հնարավորություն է տվել ինքնակրթվել և զարգանալ նաև որպես մարդ և քաղաքացի։ Ես ինձ տեսնում եմ քաղաքականության մեջ, քանի որ երկար ժամանակ է հետաքրքրված եմ քաղաքականությամբ։ Մասնագիտությանս շնորհիվ փորձում եմ ավելի շատ լեզուներ սովորել, ինչը բավականին բարդ և հաճելի գործընթաց է»:
Մեր հերոսուհին արդեն իսկ տիրապետում է հայերեն, վրացերեն, ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։
Սեդայի ցանկությունն է ապագայում լինել Վրաստանում հայ ազգաբնակչության ներկայացուցիչը, ուզում է օգնել հայ ազգին զարգացման և ինտեգրման հարցում։
«Ես միշտ նպատակ եմ ունեցել, բարձրաձայնել բոլոր էթնիկ փոքրամասնությունների խնդիրների մասին, քանի որ շատ դեպքերում նրանք բախվում են որոշակի դժվարությունների»:
Ժամանակ ունենալու դեպքում Սեդան ակտիվ մասնակցում է տարբեր նախագծերի, քանի որ կարևորում է զարգանալ տարբեր ուղղություններով։
GIPA LAB ծրագրի մասին արդեն մի քանի տարի է տեղյակ էր, սակայն միայն այս տարի է բավարար ժամանակ ունեցել մասնակցելու:
«Ծրագրի մասին գիտեի 2017 թվականից։ Քանի որ այդ տարի հանձնելու էի դպրոցական և ազգային քննություններին, չհասցրի մասնակցել այդ ծրագրին, քանի որ ուզում էի համալսարան ընդունվել լավ արդյունքներով: Այս տարի որոշեցի մասնակցել և նկարահանեցի «Միայնակ հայր» վերնագրով վավերագրական ֆիլմ, որը պատմում է մի ընտանիքի մասին, որտեղ ընտանիքի ամբողջ հոգսը հոր ուսերին է: Նա Վրաստանում ապրող ազգությամբ հայ է, ով ունի երկու երեխա, ու միայնակ է խնամում։ Ֆիլմում ցուցադրել եմ այն խոչընդոտներն ու դժվարությունները, որոնց ընտանիքը ամեն օր է բախվում: Ինչպես նաև ֆիլմը ցույց է տալիս երկրում սոցիալական ծառայության թերությունները»:
Ուղիղ մեկ տարի Սեդան աշխատել է ֆիլմի նկարահանման վրա, որն էլ տվել է ցանկալի արդյունքը: