Երեւանում, թեկուզ ուշացումով, հավաքվել էին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարները՝ քննարկելու Հայաստանին համատեղ օգնություն տրամադրելու հարցը։ Արդյունքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքների մասին հռչակագիրը, ինչպես նաև Հայաստանին օգնություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին փաստաթուղթը։ Ի՞նչ է նշանակում այս ամենը։
Նոյեմբերի 23-ին Երեւանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Գագաթնաժողովին մասնակցելու համար նույնիսկ այնտեղ էր ժամանել Ռուսաստանի Դաշնության նախագահը։ Սա Վլադիմիր Պուտինի առաջին այցն էր Հայաստան 44-օրյա պատերազմից հետո։
Փաշինյանը հրաժարվել է ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» փաստաթղթերը՝ ասելով, որ նախագծերը «բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։ Նա իր ստորագրումից հրաժարվելը բացատրել է ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի «ագրեսիայի» «հստակ քաղաքական գնահատականի» բացակայությամբ։
Հայաստանում հավանության է արժանացել պայմանագրի ստորագրումից կառավարության հրաժարումը։ Հայ քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ Հայաստանում գագաթնաժողովից ու ՀԱՊԿ-ից առանձնակի պատրանքներ ու հույսեր չկային1
«Բոլորը հիանալի հասկանում են, որ այդ կազմակերպությունը ոչ մի քայլ չի ձեռնարկի Ադրբեջանի դեմ: Քանի որ այս կազմակերպությունը երկար ժամանակ իր անգործությամբ ապացուցել է, որ ամորֆ, մահացած կազմակերպություն է, որը պարզապես չի աշխատելու»,- ասում է նա։
Գագաթնաժողովին զուգահեռ մայրաքաղաքում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ ռազմական դաշինքի։ Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ նման բողոքի ակցիաները Հայաստանում նոր երևույթ են և անվստահություն են ցույց տալիս ՀԱՊԿ-ի և ընդհանուր առմամբ Ռուսաստանի նկատմամբ։
«Եթե մի քանի տարի առաջ քիչ մարդիկ էին հավաքվում նման ակցիաների համար, մոտ երկու տասնյակ մարդ, 23-ին Ազատության հրապարակում 2000-ից ավելի մարդ էր ներկա, սա ցույց է տալիս, որ հայ հասարակությունը չի վստահում ՀԱՊԿ-ին, կա ֆրուստրացիա, հիասթափություն այս կազմակերպությունից: Ասեմ ավելին, Սյունիք է այցելել Հայաստանից հայտնի մի լրագրող, նա ասել է, որ նույնիսկ Քոչարյանի աջակիցները Սյունիքում, որոնք ռուսամետ էին, այս տարվա սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայից հետո բոլորը կամ գրեթե բոլորը, հակառուսական տրաղադրվածությամբ են»,- ասում է Արմեն Վարդանյանը։
Սակայն, նրա կարծիքով, Հայաստանի համար այնքան էլ հեշտ չէ դուրս գալ ՀԱՊԿ-ից: Խնդիրը վերաբերում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության չկարգավորվածությանը, այլ& Ռուսաստանից տնտեսական կախվածությանը։ Բայց Ռուսաստանից Հայաստանի կախվածությունը նվազեցնելով, տնտեսությունը դիվերսիֆիկացնելով, ժամանակի ընթացքում Հայաստանը կկարողանա ինքնուրույն որոշումներ կայացնել, կարծում է քաղաքագետը։ Օրինակ, արդեն քայլեր են ձեռնարկվում այլ երկրներից ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղղությամբ, ինչը լիովին անհնար էր մինչ Ուկրաինայում պատերազմը։
«Ռուսաստանը մեծ ներուժ ունի վնասելու Հայաստանին և դա անելու Ադրբեջանի օգնությամբ: Որպես տարբերակ կարող են լինել Ադրբեջանի հետ համատեղ գաղտնի որոշումներ, Ադրբեջանը կարող է նոր հարձակումներ իրականացնել Հայաստանի վրա, կարող է լինել նոր «Փարուխ 2» գործողություն Ղարաբաղում, և ինչպես մենք հիշում ենք, ադրբեջանցիները օկուպացրել են արցախյան մի քանի գյուղ, որոնք գտնվում էին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, նման դեպք եղավ Փարուխում, Խծաբերդ, Հին Թաղեր գյուղերում, հետո ռուս խաղաղապահները ուղղակի գնացին ու եկան ադրբեջանցիները և գրավեցին այս գյուղերը։ Փաստորեն, Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է, կարող են մի քանի օրով Լարսը փակել, ճնշման այլ լծակներ օգտագործել, օրինակ գազը կտրել և այլն»,- ասում է քաղաքագետը։
Ռոնդելի հիմնադրամի վրացի քաղաքագետ Գիորգի Բադրիձեն համակարծիք է իր հայ գործընկերոջ հետ ՀԱՊԿ-ի կարեւորության հարցում: Նա կարծում է, որ ՀԱՊԿ-ից Հայաստանին օգնության բացակայությունը պարզ դարձավ Հայաստանի համար երկու տարի առաջ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ այս տարի դա հաստատվեց։
«Կազմակերպությունը չէր աշխատում, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը կրակի տակ էր: Եվ այդ ժամանակ Հայաստանն ուղղակիորեն օգնություն էր խնդրում արդեն ՀԱՊԿ-ի շրջանակներում: Եթե ՀԱՊԿ-ը չի պաշտպանում իր անդամներին նման իրավիճակներում, ապա ի՞նչ իմաստ ունի դրան անդամակցելը: Ռուսաստանին աջակցության համար, Ռուսաստանից անվտանգության երաշխիքներ ստանալու համար Հայաստանը զիջեց քաղաքական և տնտեսական ինքնիշխանության շատ մեծ բաժինը։ Հայաստանի համար անհնար էր խորացնել իր կապերը արևմտյան երկրների հետ, քանի որ Ռուսաստանը խանգարում էր դրան։ Հայաստանը հանձնեց գրեթե իր ամբողջ տնտեսական ենթակառուցվածքն ու ակտիվները Ռուսաստանին, և երբ եկավ պահը, ինչի համար նրանք դա անում էին, պարզվեց, որ նրանք աջակցություն չստացան ոչ Ռուսաստանից, ոչ ՀԱՊԿ-ից»,- ասում է Գիորգի Բադրիձեն։
Սակայն, նրա կարծիքով, Հայաստանին առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները «թշնամական» հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։
«Քանի դեռ Հայաստանը կարգավորված հարաբերություններ չունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Ռուսաստանը միշտ հաղթաթուղթ կունենա Հայաստանի անվտանգության դեմ, քանի չդեռ կա հնարավորություն, նա կլինի և կարող է վրեժխնդիր լինել Հայաստանից՝ դրդելով, օրինակ՝ ինչ-որ նոր ճգնաժամ՝ կա՛մ Ղարաբաղում, կա՛մ Հայաստանի հետ սահմանին: Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի իսկական դաշնակիցը, նա պարզապես օգտագործել է Հայաստանը որպես պլացդարմ՝ Կովկասում իր ազդեցության համար»,- ասում է Գիորգի Բադրիձեն։