Թագուհի Սահակյանն Ասպինձայի շրջանի միակ հայաբնակ Դամալա գյուղից է: Չնայած երիտասարդ տարիքին հասցրել է իրեն փորձել մի շարք բնագավառներում, մասնակցել բազում ակտիվությունների՝ նպաստելով իր և գյուղի զարգացմանը: Այժմ Թագուհին բարձրագույն կրթություն է ստանում՝ հավատալով, որ դեռ շատ բան է կարողանալու փոխել իր և համայնքի կյանքում:

19-ամյա մեր հերոսուհին նախնական կրթությունը ստացել է Դամալայի հանրային դպրոցում, այժմ սովորում է Թբիլիսիի պետական համալսարանի միջազգային հարաբերություններ բաժնում, երկրորդ կուրսի ուսանողուհի է:

tagihii

Նրա հետաքրքրությունները սկսվել են դեռևս 4 տարեկանից, երբ սկսել է հաճախել պարի դասերի: Թագուհին իրեն փորձել է նաև դերասանական խաղի մեջ, երբ դպրոցում բեմադրելով ներկայացում ամբողջ երկրի մասշտաբով նվաճել են երկրորդ հորիզոնական, մասնակցել է նաև ասմունքի և ձեռագրերի մրցույթների՝ գրավելով առաջատար հորիզոնականներ:

Դպրոցական հաջողություններն սկսվել են 7-րդ դասարանից, իսկ դրանցից ամենանշանակալիցը մեր հերոսուհին համարում է «Իմ Եվրոպա» մրցույթը:

«Դիմորդները 2000-ն էին, որոնցից ընտրվեց 8 մասնակից և ես այդ թվում էի: Այդ ծրագրի շրջանակներում թրեյնինգների մասնակցեցի և հնարավորություն ունեցա հետ վերադառնալ և ստացածս գիտելիքներով կիսվել դպրոցում: Մինչ այդ իմ մտածելակերպն այլ էր, հենց այդ ժամանակ էր, երբ ես վրացիների հետ շփման մեծ փորձ ունեցա: Սկսեցի լուրջ մտածել ապագա մասնագիտությանս ընտրության հարցում, սկսեցի ինձ տեսնել ավելի շատ քաղաքական ոլորտում և այդ թեմատիկայով ծրագրերի մասնակցել, որոնցից կառանձնացնեմ «Քաղաքականությունն ու ես» մրցույթը, որտեղ էսսե գրելով երկրորդ տեղն եմ գրավել և պարգևատրվել»:

Թագուհին ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Երիտասարդական գաղափար ծրագրում: Այդ ծրագրով դրամաշնորհ է շահել և իր գյուղի համար ձեռք բերել աղբամաններ և նստարաններ, իսկ դպրոցի համար՝ էլեկրոտանային շախմատներ: Դպրոցական տարիներին հնարավորություն է ունեցել նաև որպես ակտիվ երիտասարդ ճանապարհորդել Թուրքիայում, մասնավորապես Կապադովկիաում և բացահայտել այնտեղի մշակույթը:

taguhi 1

«Երբ տեղափոխվեցի առաջին կուրս, լեզվական խնդիրներ շատ չունեի, ավելի շատ ինքնավստահության խնդիր ու սխալվելու վախը կար: Բոլորն էլ իրենց կյանքում ունենում են դժվարություններ, ոմանց կյանքում դրանք շատ են, ոմանց կյանքում՝ քիչ: Ես բացառություն չեմ, բայց միշտ փորձում եմ դրանց վրա չկենտրոնանալ և չթողնել, որ դրանց ինչ-որ չափով ազդեն իմ երազանքների վրա, այլ ընդհակառակը, ամեն անգամ նոր փորձություն հաղթահարելով ավելի եմ համոզվում ուժերիս մեջ: Հայրս ինձ միշտ ասում է՝ եթե դու ինքդ հավատաս քո ուժերին ու կարողություններին, քեզ ոչ ոք չի կարողանա հակառակն ասել, և դա ինձ անընդհատ օգնում է յուրաքանչյուր քայլ անելիս»:

tag

Թագուհին հասարակության մեջ ցանկանում է փոխել իմի և քոնի տարանջատումը, գյուղում, քաղաքում, ամենուր, քանի որ իր կարծիքով, հենց դա է, որ կոտրում է շատերի երազանքները, իսկ իր երազանքների մասին խոսելիս նշում է, որ ուզում է դառնալ լավ մասնագետ, հնարավորության դեպքում աշխատել և իր դերը ունենալ Հայաստանի և Վրաստանի դիվանագիտական կապերն ամրապնդելու գործում:

Իր գիտելիքները առավել ամրապնդելու համար Թագուհին վերջերս մասնակցում էր Ռոնդելի Ֆոնդի կողմից անցկացվող «Մասնակցային քաղաքականություն և ազգային փոքրամասնություններ» ծրագրին:

rondeli

Թագուհի Սահակյանն ազատ ժամանակ գրեթե չի ունենում, իսկ դրա առկայության դեպքում սիրում է կիթառ նվագել: