Ինչպիսի՞ն է կանանց ակտիվությունը վարորդական իրավունք ստանալու հարցում, որքանո՞վ է նվազել վարորդական իրավունք ստացողների ակտիվությունն իրական պայմաններում պարտադիր գործնական քննության ներդրմամբ, և ո՞վ է ամենաշատը ձգտում ձեռք բերել այդ իրավունքը: Jnews-ն առանձնացրել է Սամցխե-Ջավախքում 2022 թվականի 5 ամիսների ընթացքում վարորդական իրավունքի վկայականների տրամադրման վիճակագրությունը։

2022 թվականի ապրիլի 25-ից տեսական և հատուկ հարթակում գործնական քննությանն ավելացվել է պարտադիր քննություն՝ քաղաքում իրական պայմաններում մեքենա վարելը։ Շատերն էին շտապում քննությունը հանձնել ու վարորդական իրավունք ստանալ մինչ այս փոփոխության ներդրումը։ Սա երեւում է նաեւ վիճակագրությունից։ Այսպիսով, եթե փետրվարին և մարտին Սամցխե-Ջավախքում 204 մարդ է ստացել վարորդական իրավունքի վկայական, ապա ապրիլին այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 169-ի, իսկ մայիսին ընդամենը 69 մարդ ստացել է վկայական: Հետաքրքիր է այն, որ վարորդական իրավունքի վկայականի քննության բարդացման հետ մեկտեղ ապրիլից 2022 թվականի առաջին ամիսների համեմատ աճել է քննությունները հաջող հանձնած և վկայական ստացած կանանց թիվը։

Ինչ վերաբերում է ակտիվությանը, ապա վերլուծությունների հիման վրա ամենաակտիվը 17 տարեկան տղաներն են։ 17 տարին լրանալուն պես գրանցվում են և, առհասարակ, հաջող հանձնում քննություններն ու ստանում բաղձալի վարորդական իրավունքը։ Կանայք ակտիվանում են 20 տարեկանից հետո և ավելի շատ 30 տարեկանից հետո: 25-ից և մինչև 50 տարեկանից վեր կանայք ավելի ակտիվ են վարորդական իրավունք ստանալու հարցում։ Ավելին, մայիսին, օրինակ, 62-ամյա կին է վարորդական իրավունք ստացել:

Jnews-ը ներկայացնում է Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունքի վկայական ստանալու վիճակագրությունն ըստ ամիսների՝

. 2022 թվականի հունվարին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 127 մարդ, այստեղից՝ 74-ը տղամարդ, 63-ը՝ կին։ Ամենից շատ իրավունք ստանալու համար դիմել են և ստացել այն 17-ամյա տղաները՝ 34 հոգի։

. Փետրվարին վարորդական իրավունք է ստացել 204 մարդ, որից 133-ը՝ տղամարդ, 70-ը՝ կին, մի անձ չի նշել սեռը։ Ամենաշատ վարորդական իրավունք են ստացել 17 տարեկան տղաները՝ 59 հոգի։

. Այս տարվա մարտին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 204 մարդ, որից 105-ը՝ տղամարդ, 98-ը՝ կին, իսկ վարորդական իրավունք ստացածներից մեկը սեռը չի նշել։ Այստեղից վարորդական իրավունք են ստացել 17 տարեկան՝ 36 տղաներ և 18 տարեկան՝ 13 աղջիկներ, մյուս տարիքային խմբերից մեքենա վարելու իրավունք ստացել է 10-ից պակաս մարդ։

. 2022 թվականի ապրիլին վարորդական իրավունք է ստացել 169 մարդ, այդ թվում՝ 82 կին և 86 տղամարդ, մի անձ չի նշել իր սեռը։ Վիճակագրության համաձայն՝ ամենամեծ տարիքային խումբը, որի դեպքում քննությունը հանձնել են ու իրավունք ստացել՝ 17 տարեկան տղաներն են։

. 2022 թվականի մայիսին Սամցխե-Ջավախքում վարորդական իրավունք է ստացել 69 մարդ, այդ թվում՝ 43 կին և 26 տղամարդ։ Ըստ տարիքային խմբի՝ ամենաշատը վարորդական իրավունք ստացել են 17 տարեկան տղաները՝ 11 հոգի։