Ախալքալաք քաղաքն ամանորյա տոներին զարդարելու տենդերը կայացել է, և այժմ ընթանում է փաստաթղթերի ստուգման և պայմանագրի կազմման գործընթացը։ Տենդերը շահել է Կումուրդոյից անհատ ձեռներեց Սիրական Զաքարյանը։
Տենդերային աճուրդի արդյունքում նախնական 60 000 լարի գումարից այն նվազեցվել է մինչև 52 995 լարի։ Տենդերը շահած անհատ ձեռներեցի խոսքով, իրենք պատրաստ են աշխատել և աշխատանքները կսկսեն պայմանագիրը ստորագրելուն պես։
«Մենք ունենք ամեն ինչ, Թբիլիսիում պայմանավորվել ենք լուսավորության և դիզայներական ծառայությունների շուրջ: Կփորձենք ավելի լավ անել, քան պահանջվում է տենդերով: Մենք ուզում ենք, որ քաղաքը գեղեցիկ զարդարված լինի: Երբ պայմանագիրը կնքվի, մենք կսկսենք աշխատել»,- ասում է անհատ ձեռներեց Սիրական Զաքարյանը:
Հիշեցնենք, որ տենդերով նախատեսված է ձեռք բերել զանազան դեկորատիվ կոնստրուկցիաներ, փողոցային դեկորացիա՝ ձյան փաթիլների և տոնածառերի տեսքով, դրասանգազարդեր, որոնցով կզարդարեն ծառերը, փողոցային դեկորացիաներ՝ լուսավորության համար, ինչպես նաև ժապավեններ՝ փողոցները զարդարելու համար։
Տաս մետրանոց տոնածառը կլուսավորվի դրասանգազարդով, հին խաղալիքներին կավելացվեն նորերը։
Նախորդ տարի տեղական բյուջեից քաղաքը զարդարելու համար 40 000 լարի էր ծախսվել, նաև շատ հետաքրքիր ամանորյա միջոցառում էր կազմակերպվել: