Վրաստանի խորհրդարան ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության այցի շրջանակներում այսօր համագործակցության հուշագիր է ստորագրվել Վրաստանի խորհրդարանի մշակույթի կոմիտեի և ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հանձնաժողովի միջև:

Հուշագիրը ստորագրել են Վրաստանի խորհրդարանից Մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլքվաձեն և ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը։

Էլիսո Բոլքվաձեի խոսքով, երկու երկրների օրենսդիր մարմինների հանձնաժողովների միջև համագործակցության հուշագրի ստորագրումը նոր մակարդակի կբարձրացնի երկու հանձնաժողովների միջև խորհրդարանական համագործակցությունը, կնպաստի մշակութային կապերի խորացմանը, անվտանգության ամրապնդմանը:

«Հանձնաժողովների միջև առաջին անգամ ստորագրված փոխհամագործակցության հուշագիրը նոր փուլի սկիզբ կհանդիսանա երկու երկրների օրենսդիր մարմինների հարաբերություններում և խթան կլինի խորհրդարանական կապերի ամրապնդմանը։ Հետաքրքիր, կոնկրետ պլաններ ենք նախանշել, որոնք միասին կիրականացնենք։ Դրանց թվում են կոմիտեների համատեղ նիստերի անցկացումը ինչպես Վրաստանում, այնպես էլ Հայաստանում, մշակույթի օրերի կազմակերպումը և այլ աշխատանքներ, որոնք էլ ավելի կնպաստեն մշակույթի ոլորտում երկու երկրների ժողովուրդների միջև կապերի ակտիվացմանը։ Կարևոր է, որ մշակութային հարաբերությունները հատուկ դեր ունենան խաղաղ գործընթացներում, և մենք ամեն ինչ անելու ենք տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստելու համար»,- հուշագրի ստորագրումից հետո ասել է Էլիսո Բոլքվաձեն։

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ներկա են գտնվել Վրաստանի և Հայաստանի խորհրդարանների հանձնաժողովների միջև համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը։