Դեկտեմբերի 22-ին, առավոտյանը ժամը 12։00-ից Հայաստանի հանրապետության ողջ տարածքում տեղի են ունեցել անհնազանդության ակցիաներ, բազմաթիվ գործարարներ, մասնավոր ընկերություններ, պետական հիմնարկներ միացել են գործադուլի և դասադուլի կոչին։ Ընդդիմադիրները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք վրաններ են տեղադրել հրապարակում, որպեսզի այդտեղ գիշերեն:
«Այսօր ավելի քան երբևէ հայ ժողովուրդը պետք է բռունցք լինի՝ մեր հայրենիքը փրկելու համար։ Մենք միասին «Իմ քայլը» խմբակցությանը ժամանակ էինք տվել, որ մինչև ժամը 18․00-ը պատրաստ ենք հանդիպել խմբակցության ղեկավարության հետ՝ միասին քննարկելու երկրում ստեղծված իրավիճակը։ Ցավոք, այս մարդիկ այս պահին ևս չեն գիտակցում իրենց պատասխանատվությունը։ Մինչև այս պահը որևէ արձագանք չունենք «Իմ քայլը» խմբակցությունից»,- ասել է Սաղաթելյանը։
Նա դիմել է ներկաներին՝ կոչով, որ խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի հետ աշխատանք կա իրականացնելու։
«Քիչ հետո կհրապարակենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների անուները հերթով և շարքով, և ՀՀ քաղաքացիներն ազատ են իրենց գործողություններում, որոշումներում։ Եթե հանրային պահանջն իրենք չեն գիտակցում, չեն հասկանում, ուրեմն, այո, ստիպելով պետք է գումարենք խորհրդարանի նիստ»,- հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև ասել, որ եթե այսօր իրենց պահանջները չեն բավարարվում, ուրեմն գիշերը կմնան այդտեղ. «Հանրահավաքը շարունակվում է։ Մեզանից մի մասն էլ գիշերը կմնա այստեղ: Այս հրապարակը չենք լքելու այնքան ժամանակ, քանի դեռ գերագույն խրտվիլակը նստած է այս շենքում»։
Ընդդիմության հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարել է.
«Պարզվեց՝ մեր ժողովուրդը շատ բարի է ու օրինապաշտ, որովհետեւ ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ են գցում, այդ ղեկավարը 2-3 օրից ավելի չէր մնա։ Մենք գնում ենք օրինական, բարի ճանապարհով»,- ասել է Վազգեն Մանուկյանը։
Նրա խոսքով, պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայրենիքին հասցրեց այդ ամենածանր վիճակին: Ըստ նրա՝ պատերազմը կարող էր շուտ կանգներ, բայց ինքը կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենայինք ամենամեծ կորուստը։
«Եւ ինքն էլ ունեցավ այդ կորուստը, որովհետև իր վրա է դա: Դուրս գալուց նույնն է անելու: Ինքը դուրս կգա այն պահին, երբ որ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն, խասյաթ է: Մեզանից է կախված, որ դա արագացնենք: Մենք հիմա գնում ենք հանդարտ, օրինական ճանապարհներով, բայց ինքը պետք է չմնա և մեր գործողությունները օրեցօր պետք է խստանան: Պահ կգա, որ էլ չենք նայի՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ, կարևորը, որ ինքը գնա»,- ասաց Վազգեն Մանուկյանը։
Ընդգծենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն հանդես է եկել երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությամբ՝ հայտարաելով, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։