JNEWS-ը «Ջավախքի համը» շարքում ներկայացնում է Ջավախքի առաձնահատկությունները ցույց տվող տարբեր ուտեստներ։ Համային և մշակութային բազմազանության մեջ մենք շեշտադրում ենք ջավախքցուն, ով դարեր ի վեր սերնդե սերունդ փոխանցում է իր մշակույթը՝ լինի արվեստ, գրականություն, թե խոհանոց։
Հին հայկական ավանդական ուտելիքները ժամանակակից խոհանոցում կարծես թե «մոռացության» են մատնվում: Շատ քիչ ընտանիքներում է պատրաստվում ավանդական ճաշատեսակներ։ Սակայն Շահբեկյանների ընտանիքը մինչև օրս պահպանում է ջավախքյան խոհանոցի ավադույթները։
Այսօր մեր շարքում ընդգրկել ենք ջավախքյան կաղամբով և բլղուրով քրջիկը։
Նինոծմինդայից Լալա Շահբեկյանը մինչև հիմա խնամքով պահում է իր սկեսուրոջ թողած սպասքը, եփում հայկական ավանդական ճաշատեսակներ, ինչպիսիք են՝ ավելուկով բանջարը, խաշիլը, յայնին, խաշած փոխինձը, ճմուռը, փենիր փափասին, թաթարբորակին և այլն։
Այսօր նա մեզ համար պատրաստեց չեչով բանջարը կամ նույն քրջիկը։
Ի՞նչ է հարկավոր կաղամբով ու բլղուրով քրջիկ պատրաստելու համար։
Թթու կաղամբ, թթու շաղգամ, բլղուր, սոխ և կարտոֆիլ, ըստ ցանկության։
Սկզբից սոխառած են անում, այնուհետև եփում են բլղուրը։ Եփված բլղուրի վրա լցնում են թթուները, սոխառածը, ավելացնում են նաև չորացրած ռեհան, աղ և լավ եռացնում են: Կաղամբով ու բլղուրով քրջիկը պատրաստ է ճաշակելու: Բարի ախորժակ…